Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր. Պահպանելով ավանդույթները
Պահպանելով ավանդույթները
ArmDaily.am-ը շարունակում է իր «Պահպանելով ավանդույթները» շարքը և այս անգամ խոսելու ենք Սահմանադրության օրվա մասին:
Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր:
1991 թ.-ին Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։
1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցության մշակած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ հայ ժողովրդի կողմից: Այն դարձավ անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը, որով էլ մինչև այսօր առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը:
Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև, պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։
Սահմանադրության փոփոխություններ
ՀՀ Սահմանադրությունը, որը ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով, երկու անգամ ենթարկվել է սահմանադրական փոփոխությունների, որոնցից առաջինը կատարվել է սահմանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց՝ 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով, իսկ երկրորդը՝ վերջինը, կատարվել է սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով։ Ներկայումս գործող սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և տասնվեց գլուխներից։
2001 թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003 թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005 թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։
Փոփոխությունները նշանակալի էին հատկապես հանրապետության կառավարման կարգի, իշխանությունների բաժանման, զսպումների և հակակշիռների մեխանիզմների ապահովման տեսանկյունից։ Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նշանակալիորեն կրճատվեցին նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց։ Այսպես, փոփոխություններով վերացվեց նախագահի՝ վարչապետ նշանակելու ամբողջությամբ հայեցողական լիազորությունը. Ներկայում Հանրապետության նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձի՝ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։
Սահմանադրության երկրորդ՝ վերջին փոփոխությունը կատարվել է սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով։ Ներկայում գործող սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և տասնվեց գլուխներից։
Այս սահմանադրական փոփոխություններով Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն։ Հաշվի առնելով սահմանադրական նոր փոփոխությունների հետևանքով երկրում վարչապետի ձեռքին իշխանության հսկայական կենտրոնացումը, երբեմն նորացված սահմանադրությունն անվանում են «սուպերվարչապետական սահմանադրություն», իսկ երկրում հաստատված քաղաքական համակարգը՝ «սուպերվարչապետական համակարգ»։ Սակայն նոր փոփոխությունների արդյքունում ստեղծված սահմանադրության և երկրում հաստատված քաղաքական կարգի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրականում գործ ունենք «գենսեկական» կամ «պոլիտբյուրոյական» սահմանադրության հետ, որի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է կուսակցապետություն, այսինքն՝ պարտոկրատիա, ինչի մասին ժամանակին նախապես զգուշացրել էին որոշ քաղաքական ուժեր և նրանց ղեկավար գործիչներ ու քաղաքագետներ: Նրանք նույնիսկ կազմել էին միացյալ քաղաքական ճակատ և հանդես եկել համապատասխան հայտարարությամբ, որով ճակատը նպատակ եր դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը և իշխող վարչախմբի վերարտադրությունը։ «Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես «ՈՉ»-ի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն և Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում միանալ երկրում ծավալվող պայքարին»,- ասվում էր հայտարարության մեջ:
2020 թվականի փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովը կայացրեց «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվե դնելու մասին» որոշումը։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն պետք է տեղի ունենար 2020թ.-ի ապրիլի 5-ին, սակայն, երկրում արտակարգ դրությունը հիմք ընդունելով, ՀՀ Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն, ըստ որի ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, Ազգային ժողովը որոշում կայացրեց ուժը կորցրած ճանաչել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։
«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ դրեց և ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով դադարեցվում էին Սահմանադրական դատարանի այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի։ Նախագծով դադարեցվում էին նաև Բարձր դատարանի նախագահի լիազորությունները, իսկ նոր նախագահ կընտրվի միայն այն դեպքում, երբ կհամալրվեն Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը։
2020 թվականի փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում կայացրեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին։ Հանձնաժողովի ստեղծման նպատակն է մշակել և վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Փաթեթի նեկայացումից հետո 2021 թվականին նախատեսվում է ՀՀ Սահմանադրության 4-րդ փոփոխություների գործընթացը։
Հանրաքվեն այդպես էլ չկայացավ՝ կորոնավիրուսային համավարակի մասսայական բռնկման պատճառով: