Ինչո՞ւ է նիհարելիս «քաշը կանգնում»․ մեկնաբանում է դիետոլոգը
Հասարակություն
Նիհարելիս գալիս է մի ժամանակահատված, երբ մարդկանց թվում է, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում, սակայն քաշն այլևս չի նվազում, «քաշը կանգնել է»։ ArmDaily.am-ը դիետոլոգ, սննդաբան Գայանե Շախաթունուց փորձել է պարզել, թե նիհարելու գործընթացում ինչո՞ւ է մարդը նման խնդրի առաջ կանգնում և ի՞նչ պետք է անի, եթե քաշի նվազումը դանդաղում կամ դադարում է։
Դիետոլոգի խոսքով՝ «քաշի կանգ» լինում է մի քանի պատճառով։
Առաջին պատճառն այն է, որ մարդը սկսում է ի սկզբանե սխալ կալորիականությամբ իջեցնել իր քաշը․ «Երբ որ օրգանիզմին սկսում եք միանգամից շատ ցածր կալորականությամբ սնունդ տալ, մինչդեռ ինքը շատի կարիք ունի, ուստի գալիս է մի պահ, որ օրգանիզմը պատասխան ռեակցիա է տալիս՝ միացնելով պահպանման ռեժիմ։ Գլխուղեղի հիպոֆիզը, որը պատասխանատու է օրգանիզմում կատարվելիք բոլոր փոփոխությունների և ազդակների համար, անմիջապես միացնում է պահպանման ռեժիմը։ Հիպոֆիզը մտածում է, որ օրգանիզմը քաղցի մեջ է և հնարավոր է՝ շուտով ընդհանրապես սնունդ չունենա, ուստի ճարպային զանգավածին չի թողնում, որ արագ այրվի։ Սա առողջ օրգանիզմի բնական ռեակցիա է։ Այդ պատճառով քաշ կորցնողները չպետք է ինքնագլուխ բաներ անեն։ Օրինակ՝ եթե 100 կգ կշռող անձը միանգամից նստի կեֆիրային դիետայի վրա, ապա անմիջապես 10 կգ քաշ կգցի, որից հետո օրգանիզմը կարթնանա, կզգա որ իրեն բավարար կամ նույնիսկ մինիմալ սննդանյութեր չի տրվում, կմիացնի պահպանման ռեժիմը։ Դրանից հետո մարդը կսկսի կա՛մ չնիհարել, կա՛մ նիհարել շատ դանդաղ»։
Շախաթունին, ներկայացնելով քաշի չնվազման հաջորդ պատճառը, նշեց, որ առաջին հերթին մարդը պետք է հասկանա, թե ինչու է իր քաշն ավել, քանի որ շատ դեպքերում քաշի ավելցուկը հորմոնալ բազմաթիվ դիսբալանսների պատասխան ռեակցիան է։
«Եթե մարդն ունի թաքնված հորմոնալ խնդիր կամ, ենթադրենք, շաքարային դիաբետ, նախադիաբետային փուլ, վահանաձև գեղձի ֆունկցիայի խախտում, ինսուլին- գլյուկոզա հարաբերակցության խախտում և այլն, սրանք բոլորը բերում են ճարպակալման։ Մարդը, եթե ունի այս խնդիրներն ու տեղյակ չէ դրանց մասին, սկսում է քաշի կորստի պրոյեկտ, ապա առաջին 5 կգ-ը կգցի ու հետո քաշի նվազում էլ չի լինի։ Սա էլ երկրորդ պատճառն է»,- ընդգծեց դիետոլոգը։
Խոսելով արդեն երրորդ պատճառի մասին՝ Շախաթունին նշեց․ «Եթե մարդը նիհարում է ճիշտ սննդակարգով և միաժամանակ նաև սպորտով է զբաղվում, կատարում է ուժային ակտիվ վարժանքներ, ապա հնարավոր է, որ նա քաշով իջնի, սակայն մկանը ծանրանալու արդյունքում կշեռքի վրա նվազման շատ քիչ թիվ տեսնի։ Օրինակ՝ եթե 1 ամսում ռեալ նիհարի 5 կգ, սակայն նույն ժամանակատվածում հավաքի 2 կգ մկանային ծավալ, կշռեքի վրա կտեսնի 2․5 կամ մաքսիմում 3 կգ։ Սակայն իրականում նա կորցրել է 5 կգ ճարպ»։
Դիետոլոգի խոսքով՝ յուրաքանչյուր մարդ, որն ուզում է նիհարել, առաջին հերթին պետք է այցելի միայն էնդոկրինոլոգի մոտ, որի իրականցրած հետազոտության պատասխանների և առաջարկների ուսումնասիրությունից հետո միայն պետք է գնա սննդաբանի մոտ՝ գրագետ նիհարելու համար։
«Պետք է շատ դանդաղ նիհարել, օր օրի քաշի հետ պետք է նոր նվազեցնել կալորիաները։ Օրինակ՝ պետք է սկսել 1900 կալորից, հաջորդ շաբաթ 1800, հաջորդիվ 1700 և այսպես շարունակ։ Ամեն 1 կգ նիհարելու պարագայում, պետք է կալորիականությունը 100 գրամ նվազեցվի, որպեսի հետո քաշի կանգի խնդիր չառաջանա»,-ամփոփեց դիետոլոգը։