Լրագրողի նկատմամբ բռնությունը խիզախությո՞ւն է․ Փաշինյանը պարգևատրել է օպերատորին ոտքով հարվածած ՊՊԾ պետին
Հասարակություն
Նիկոլ Փաշինյանը երեկ ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին։ Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության համար ԱԱԾ Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով, վարչապետի հուշամեդալով։
Պարգևատրվողների շարքում էր նաև ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որը «Դիմադրություն» շարժման ակցիաների ժամանակ աչքի էր ընկել լրագրողների նկատմամբ բռնության կիրառմամբ, նա մասնավորապես,
ոտքով հարվածել էր «Mediahub» լրատվական կայքի օպերատրին, խոչընդոտել նույն կայքի լրագրողի աշխատանքը։
ArmDaily.am-ը թեմայի շուրջ զրուցել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։
Նրա կարծիքով՝ նման պարգևատրումը զարմանալի կլիներ նորմալ երկրում, իսկ մեր երկում նման օրինակները բազմաթիվ են։
«Ինձ համար զարմանալի չէ, քանի որ նման տեղեկություններ հաճախ են տարածվում, որ,օրինակ, քաղաքացիների նկատմամբ բռություն կիրառած կարմիր բերատավորների են պարգևատրում, պաշտոնների բարձրացումներ են տալիս, քաղաքական հետապնդումներին ակտիվորեն մասնակցող քննիչներին են պաշտոնների բարձրացումներ, պարգևատրումներ տալիս և այլն»,-ընդծեց Մելիքյանը։
Նրա խոսքով՝ հակաիրավական ձևով ռեժիմի շահերը սպասարկող իրավապահներին ու համակարգի ներկայացուցիչներին պարգևատրելն այսօր այլևս ընդունված բան է․ «Մեր երկրում այն մարդկանց պարգևատրումները, ովքեր քաղաքական պատվերն ավելի բարձր են գնահատել, քան իրենց բուն պարտականությունները, դարձել են նորմալ երևույթ։ Այս տեսանկյունից, կարծում եմ, ամեն ինչ տրամաբանական է»։
Մելիքյանի խոսքով՝ այս ամենը կատարվում է բացահայտ ու, իշխանությունը նույնիսկ ջանք չի գործադրում որևէ բան թաքցնելու համար, քանի որ աղմուկից, բոյկոտից չի վախենում։Մելիքյանի խոսքով՝ իշխանականները վախենում են միայն իրենց պաշտոնները կորցնելուց, իսկ դա ժամանակավոր պահապանելու համար անհրաժեշտ է պարգևատրել այն մարդկանց,որոնք ինքամոռաց օգնում են իրենց՝ մնալու այդ պաշտոններին։
Հարցին՝ արդյոք Սարգիս Հովհաննիսյանն ու համակարգի այն բոլոր անձինք, ովքեր պաշտոնի բարձրացում, պարգևատրումներ են ստանում, չե՞ն մտածում, որ բոլոր իշխանությունները ժամանակավոր են ու այս քայլերով միայն իրենց հեղինակությանն են հարվածում, Մելիքյանը պատասխանեց․<<Կան մարդիկ, որոնց համար համբավն ընդհանրապես նշանակություն չունի, իրենք միևնույն է՝ գտնվում են գետի մյուս ափին»։
Մենք կապ հաստատեցինք նաև «MediaHub.am» լրատվական կայքի լրագրող Նարե Գևորգյանի հետ, որի աշխատանքներին էլ խոչընդոտել էր ՊՊԾ պետը։
Նարեի խոսքով՝ քանի որ երեկվա պարգևատրումները ՊՊԾ կազմավորման օրվա հետ էին կապված, որոնք ամեն տարի լինում են, ուստի ինքը դեպքը և պարգևատրումները միմյանց հետ չի կապում։
«Չեմ ցանկանա դեպքն ու երեկվա պարգաևատրումներն իրար հետ կապել, սակայն կարող եմ ասել, որ մենք երբեք չենք լռելու և միշտ ենք ասելու, որ որևէ մեկի կողմից լրագրողի, օպերատորի ու առհասարակ որևէ քաղաքացու նկատմամբ բռնությունն արդարացված չէ»,-ընդգծեց Նարեն։
Լրագրողի խոսքով՝ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է, սակայն իրենց փաստաբանական խումբը բողոքարկել է քննչական կոմիտեի որոշումը, ու իրենք հույս ունեն՝ ինչ-որ պահի արդարություն կլինի, լրագրողների իրավունքները կպաշտպանվեն, ու իրենց դեպքը կդառնան նախադեպ՝ հետագայում նման դեպքերից խուսափելու համար։