Միասնական քննությունների արդյունքները վկայում են Հայստանում կրթության ցածր որակի մասին․ փորձագետ
Հասարակություն
Հունիսի 24-ին բուհական միասնական քննությունների առաջին փուլի վերջին օրն էր։ Միասնական քննությունների արդյունքների, ամենապահանջված մասնագիտությունների, կրթական համակարգում առկա բացթողումների և մի շարք այլ հարցերի վերաբերալ ArmDaily.am-ը զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։
Նրա խոսքով՝ այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, միասնական քննությունների ընթացքի ու արդյունքների միջև էական տարբերություններ չկան։
«Ես նայեցի արդյունքներն, ու դրանք ինձ համար բավականին հետաքրքիր էին։ Օրինակ՝ մաթեմատիկայի միջին միավորը 11-ին մոտ էր, ինչպես և նախորդ տարիներին էր եղել։ Սակայն զարամանալիորեն մոտավորապես 20 տոկոսը անբավարար գնահատական էր ստացել։ Ընդ որում՝ այդ 20 տոկոսը ոչ թե մեր շրջանավարտների ամբողջի 20 տոկոսն է, այլ միայն բուհեր դիմածներինը։ Դա նշանակում է լավագույների 20 տոկոսը անբավարար միավոր է ստացել։ Այս տարի բարձր ստացողների տոկոսը ևս նույնն է, ինչ նախորդ տարի, նույնիսկ առարկաներ կան, որոնցից դիմորդները բարձր գնահատակներ չեն էլ ստացել։ Օրինակ՝ աշխարհագրությունից 20 միավոր ստացող չկա։ Սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ կրթության որակը շարունակում է ցածր մնալ, իսկ այն փոփոխությունները, որոնք կատարվում են ոլորտում, որևէ դրական արդյունք չեն տալիս»,-ընդգծեց փորձագետը։
Խոսելով այս տարվա ամենապահանջված մասնագիտությունների մասին՝ Մխիթարյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ այդ առումով ևս էական փոփոխություններ չկան․ «Վերջին տարիներին ամենապահանջված մասնագիտությունների հնգյակը նույն է մնում․ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում բուժական գործ, ԵՊՀ-ում ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա, տնտեսագիտական մասնագիտություներ ու իրավագիտություն։ Սրանք դեռևս մնում են ամենապահանջվածները։ Դա պայմանավորված է նրանով, որ այդ ոլորտներում աշխատավարձերը բարձր են»։
Մխիթարյանի խոսքով՝ այն ոլորտները, որտեղ աշխատավարձերը ցածր են, այդ մասնագիտություններով դիմորդները կա՛մ քիչ են, կա՛մ գրեթե չկան։ Ցավալիորեն, այդ ցուցակում պետք է առանձնացնել նաև ուսուցչի մասնագիտությունը։ «Մանակավարժական բուհերում շատ քիչ են դիմորդները, իսկ տեղեր կան, որ ընդհանրապես դիմորդներ չկան, մասնավորապես Շիրակի պետական համալսարանում և Վանաձորի պետական համալսարանում մաթեմատիկա մասնագիտությամբ դիմորդներ չկան։ Սա ազդարարում է այն մասին, որ որոշ ժամանակ անց մենք մանկավարժների լուրջ խնդիր ենք ունենալու։ Հիմա առանց այն էլ արդեն վատ պատկեր ունենք ու ինչքան այսպես շարունակվի, այնքան վիճակն ավելի է վատանալու»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ նոր համակարգի գործարկումը, ըստ որի շրջանավարտները կարող են դիմել միայն մեկ մասնագիտություն սովորելու համար, ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել դիմորդների թվաքանակի վրա, Մխիթարյանը պատասխանեց․ «Այս փոփոխությունը միտված էր նրան, որ իբր թե մեր շրջավարտները հստակորեն ընտրեին իրենց մասնագիտությունները, սակայն սա իհարկե չի ծառայելու այդ նպատակին։ Բացի նպատակին չծառայելուց, այս փոփոխությունը խանգարում է նաև սոցիալապես ցածր խավի երեխաների ընդունելությանը, քանի որ նրանց հնարավորությունները շատ չեն, միգուցե այդ երեխաներն ինքնուրույն են պարապել ընդունելության համար, մեծ մրցակցության պարագայում ցածր միավոր են հավաքել ու միայն մեկ հայտով դիմելու պարագայում իրենց ընդունվելու հավանականությունը նվազում է, նրանք դուրս են մնում մրցակցությունից։ Ընդհանուր առամամբ, ըստ իս, նման փոփոխության անհրաժեշտություն չկար»։
Անդրադառնալով կրթական համակարգում առկա խնդիրներին ու դրանց հնարավոր լուծումներին՝ փորձագետն ընդգծեց․ «Կառավարության այն քայլերը, որոնք իրականցվում են առկա խնդիրներին համակարգային լուծումներ տալու համար, ըստ էության, հակառակ էֆեկտն են ունենում։ Առաջին հայացքից խնդիրների լուծմանն ուղղված քայլերը բավականին շատ են թվում, սակայն մյուս կողմից դրանք հիմնականում միմյանց հակասում են։ Կրթական համակարգում փոփոխություններն իրենց արդյունքը շատ արագ չեն կարող տալ, ուստի դրանք պետք է լինեն կշռադատված և երկարաժամկետ ազդեցության համար։ Համակարգում գտնվողները, կարծես թե, այս ամենը չեն ընդունում ու հասկանում, այդ իսկ պատճառով էլ մեզ մոտ ամեն ինչ շատ արագ է կատարվում՝ և՛ օրենքում փոփոխությունները, և՛ կառավարության որոշումները, և՛ նախարարի հրամանները։ Այս ամենն անընդահատ քաոսային իրավիճակ են ստեղծում, մասնավորապես հանրակրթական համակարգում։ Խնդիրների լուծման համար առաջինը պետք է սկսել ռազմավարությունից և դրանից հետո մշակել այնպիսի փոփոխություններ, որոնք համպատասխան կլինեն ռազմավարությանը։ Երկրորդ խնդիրը կադրերի լուծման հարցն է։ Այն մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում, ըստ էության, այդ ոլորտում փորձ չունեն, իսկ կրթական դաշտում փորձառու մարդկանց կողմից ընդունված որոշումներն էականորեն նպաստելու են ոլորտի զարգացմանը։ Այս երկու խնդիրների լուծմամբ կկարողանանք արդյունավետ բարեփոխումներ իրականացնել համակարգում»։
Մելինե Պետրոսյան