Չեմ կարծում՝ հրաժարականների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթացներ սկսելու համար. քաղաքագետ
Քաղաքական
Երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ և մասնակցությամբ ԱԺ արտահերթ նիստ գումարվեց, դադարեցվեցին Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները: Քվերակության արդյունքներին հաջորդեց Արմեն Գևորգյանի հայտարարությունը՝ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին:
Այնուհետև ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրեց պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ Հայկ Մամիջանյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ Արթուր Խաչատրյանը։
Փաստացի ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանական գրեթե բոլոր պաշտոններից հրաժարվեցին, միայն Թագուհի Թովմասյանը չհետևեց գործընկերների օրինակին՝ հայտարարելով,որ շարունակելու է նախագահել ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը։
Ընդդիմադիր քաղաքական գործիչների շղթայական հրաժարակաների, ինչպես նաև խորհրդարանում ստեղծված իրավիճակի մասին ArmDaily.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։
Նրա պնդմամբ՝ ընդդիմադիր պաշտոնյանները, գտնվելով ԱԺ-ում, միևնույն է որևէ ազդեցություն չէին կարողանում ունենալ քաղաքական գործընթացների վրա, քանի որ իշխանությունը բացահայտորեն ցույց է տալիս, որ իրենք մեծամասնություն ունեն և ինչ ուզենան, կարող են անել։
«Ընդդիմադիրները որևէ ազդեցություն չունեին քաղաքական գործընթացների վրա, ուստի այս իմաստով պարզապես անիմաստ էր նրանց կողմից այդ պաշտոնները զբաղեցնելը։ Միևնույն ժամանակ, ընդդիմադիրները, մնալով իրենց պաշտոններին, հասարակության մեջ կարծիք էին ձևավորում, որ իրենք իսկապես պաշտոնի համար էին պայքարում։ Իրականում, քարոզչական առումով ընդդիմադիրների՝ պաշտոններից հրաժարումը դրական քայլ էր հենց իրենց համար, հասարակությանը հակառակն ապացուցելու համար»,-ընդգծեց քաղաքագետը։
Հարցին՝ արդյոք ընդդիմադիրների այս քայլը որոշակիորեն ուղղվա՞ծ էր ներխորհրդարանական ճգնաժամ ստեղծելուն՝ քաղաքագետը պատասխանեց․ «Չեմ կարծում, թե դա կստացվի։ Ցավոք սրտի, Հայաստանը լինելով խորհրդարանական երկիր՝ որևէ կերպ չի արտացոլվել խորհրդարանի կարևորությունը։ Մեզ մոտ խորհրդարանն ուղղակի ձևական դերակատարում ունի, այն ընդամենը գործադիր իշխանության որոշումները դակելու գործիք է։ Երկրում որևէ բան չի փոխվի, եթե նույնիսկ իշխանական պատգամավորներն էլ իրենց մանդատաները վայր դնեն ու ընդհանրապես խորհրդարանը լուծարվի»։
Բաղդասարյանի խոսքով՝ եթե ներխորհրդարանական ճգնաժամ լինի ու այդ ճգնաժամն ինքնաբերաբար հանգցնի արտահերթ ընտրությունների, միգուցե դա որոշակի ազդեցություն ունենա երկրի քաղաքական կյանքի վրա։ Սակայն բոլորս էլ գիտենք, որ նման բան չի լինի, ուստի կարևոր չէ խորհրդարանում ճգնաժա՞մ է, թե՞ ոչ։
Քաղաքագետի խոսքով՝ քարոզչական առումով ընդդիմադիրների քայլը դրական էր, իրենք որոշակիորեն ցույց տվեցին, որ պաշտոնի համար չեն պայքարում, սակայն դա միայն գործի կեսն է, քանի որ ավելի կոնկրետ պետք ցույց տան նաև, թե ինչի համար են պայքարում։
«Եթե պաշտոններից հրաժարվելուն զուգահեռ ավելի գործնական ու առարկայական ծրագիր ներկայացնեին, թե ինչպես են Հայաստանն այս վիճակից հանելու, ապա այդ դեպքում իրենց հրաժարակները կրկնակի, եռակի էֆեկտ կունենային։ Չեմ կարծում՝ հրաժարակաների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթանցեր սկսելու համար»,-նշեց Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է Թագուհի Թովմասյանի՝ իր գործընկերների քայլին չհետևելուն, ապա քաղաքագետը զերծ մնաց այդ որոշումը մեկնաբանելուց՝ նշելով, որ պատգամավորը մնար, թե հետևեր գործընկների քայլին, միևնույն է՝ էական որևէ բան չէր փոխելու, ուստի նրա՝ պաշտոնում մնալը, գործնականում ևս որևէ նշանակություն չունի։
ArmDaily.am-ը փորձեց կապ հաստատել նաև Թագուհի Թովմասյանի հետ՝ իրեն ուղղված քննադատությունների առնչությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն պատգամավորը անպատասխան թողեց մեր զանգերը։ Մելինե Պետրոսյան