Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին
Իրավական
Բարձրագույն դատական խորհուրդը երեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է, քանի որ հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ սկսել կարգապահական վարույթի հարուցում։
ԲԴԽ հայտարարության վերաբերյալ ArmDaily.am-ը զրուցեց փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ։
Նրա կարծիքով՝ մեր պետականությունն ու վարչարարությունն ամբողջապես տապալված են, իշխանությունն իր յուրայիններին բացահայտորեն պաշտպանում է ցանկացած հանցագործության դեպքում։
«Իշխանությունն իր յուրայիններին ամեն գնով պաշտպանում է։ Բավական է հիշել վարչապետի կորտեժի կողմից կատարված սպանությունը, և այն, որ վարորդը մինչ օրս ազատության մեջ է։ Իրենց յուրայիններն ինչ էլ անեն, նույնիսկ նրանց դեպքի վայրում սպանություն կատարելիս բռնեն, վերջում արդարեցնելու են։ Այս վարչախմբի հետ ամեն ինչ պարզ է ու որևէ բան մեկնաբանելու կարիք չկա։ Ես կզարմանայի, եթե այլ հայտարարություն լիներ։ Իրենց քայլերը հիմավորելու համար իրենք կարող էին ցանկացած հիմարություն գրել»,- ընդգծեց Աթանեսյանը։
Հարցին՝ այս քայլերը չե՞ն հարվածում ԲԴԽ-ի հեղինակությանը՝ Աթանեսյանը պատասխանեց.«Ինչի Դուք գտնում եք, որ ԲԴԽ-ն ինչ-որ հեղինակություն ունեցող կառո՞ւյց է։ Այսօր Հայաստանում չկան հեղինակություն ունեցող կառույցներ, բոլորն էլ վարկաբեկված են։ Ասում են՝ ինչպես չի կարելի ազդել բարոյականություն չունեցողի խղճին, այնպես էլ չի կարելի ազդել Հայաստանի որևէ կառույցի համաբավի վրա»։
Աթանեսյանի խոսքով՝ վարչապետի օգնականին ակնհայտորեն բռնում են քննիչի փոխարեն որոշում գրելիս, իսկ այդ անձը պատժի փոխարեն ստանում է ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնը, ուստի ինչ բարոյականության կամ համբավի մասին կարելի է խոսել։
«Մեր քաղաքական դաշտում, պետական կառավարման մեջ բարոյականություն չկա, չկան տաբուներ և կարմիր գծեր, ուստի նման հայտարարությունների պակաս էլ չունենք»,- ամփոփեց Աթանեսյանը։