Ավելի շուտ դերասանական վարպետության քննության ելույթ էր, քան գլխավոր դատախազի ելույթ. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում քննարկում է ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի ընտրության հարցը։ Վարդապետյանի ելույթներն ու պատգամավորների հարցերին տված պատասխանները բուռն քննարկումների առիթ են դարձել։ Շատերի գնահատմամբ՝ Վարդապետյանը չափից դուրս էմոցիոնալ և պաթոսային խոսույթ ունի, ինչը դատախազի կերպարին այնքան էլ չի համապատասխանում։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրեն այդ ելույթը Ստանիսլավսկու դասավանդման մեթոդներից մեկն է հիշեցրել։
«Ստանիսլավսկին, երբ դասավանդում էր իր ուսանողներին, ասում էր՝ հայելու առաջ անընդհատ կրկնեք ձեր դերը։ Ես տպավորություն ունեմ, որ այս ելույթը Աննա Վարդապետյանը մի քանի օր «тренировка» է արել հայելու առաջ, որովհետև այն ավելի շուտ դերասանական վարպետության քննության ելույթ էր, քան գլխավոր դատախազի ելույթ, որովհետև գերէմոցիոնալ էր, ինչ-որ դժոխք, դրախտ համեմատություններով և շատ ավելի զուրկ իրավական, իրավագիտական կոնտենտից»,- ասաց Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությանը՝ Զոհրաբյանը նշեց, որ արդեն վաղուց դա իրեն չի զարմացնում։
«Մենք տեսնում ենք պաշտոնյաներ, որոնց կենսագրությունը կարող ենք ամփոփել մեկ նախադասությամբ՝ ծնվել է, տարիներով նստել է պատերի տակ, հետո դարձել է պատգամավոր, նախարար, մարզպետ։ Այնպես որ՝ այս և որևէ այլ նշանակման մեջ որևէ զարմանալի բան չկա, բայց ես կարծում եմ, որ սեփական անձի վրա սևեռված, գերինքնասիրահարվածությամբ տառապող անձին վստահել դատախազի պաշտոնը հերթական աղետն է լինելու մեր դատական համակարգի վրա։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը հասցրել է ապականել պետական բոլոր կառույցները, մի հատ ավել, մի հատ պակաս չեմ կարծում, որ համատարած ողբերգության և համատարած արմագեդոնի մեջ ինչ-որ բան փոխում է։ Եթե ունեինք փողոցներից բիչոկներ հավաքող փոխթաղապետ, եթե ունեինք DJ պատգամավորներ, եթե ունեինք շատ ավելի արատավոր և այլասերված կենսագրություն ուեցող մարդիկ, ովքեր հետո դարձան պատգամավոր, նախարար, ի՞նչ է եղել որ, թող հիմա էլ լինի գերէմոցիոնալ, Ստանիսլավսկու դերասանական վարպետության ուսմունքը հրաշալի տիրապետած դատախազ։ Դատական համակարգը հայտնվելու է հերթական կոլապսի մեջ, բայց մենք հիմա շատ ավելի լուրջ մարտահրավերների առջև ենք կանգնած՝ Արցախ և Հայաստան կորցնելու, այնպես որ Աննա Վարդապետյանը այստեղ շատ պստլիկ բոլտիկ է, որին ես անձամբ որևէ ցանկություն չէի ունենա անդրադառնալու, եթե Ձեր հարցը չլիներ»,- ամփոփեց Զոհրաբյանը։