Իշխանության որոշումներն ուսապարկաբարո են. ընդդիմադիր պատգամավորը՝ իրենց մանդատից զրկելու մասին
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մոտ օրերս կքննարկի նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։
Սիմոնյանի խոսքով՝ այս պահին 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունների քանակը թույլատրելիից բավականին շատ է, ինչը թույլ է տալիս նրանց մանդատից զրկել: Ըստ ԱԺ ղեկավարության հաշվարկների՝ ամենաշատը բացակայած պատգամավորների տասնյակը գլխավորում է Արմեն Չարչյանը, որը 248 բացակա ունի, սակայն 34-ը՝ հարգելի։ Հաջորդը Գեղամ Մանուկյանն է՝ 225 բացակայությամբ, այնուհետև Անդրանիկ Թևանյանը՝ 199, Ասպրամ Կրպեյանը՝ 198, Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը հավասար թվով են բացակայել՝ 197, Արթուր Ղազինյանն ու Լիլիթ Գալստյանը նույնպես ունեն հավասար թվով բացակայություններ՝ 194։ Հաջորդը Վահե Հակոբյանն է՝ 193 բացակայությամբ, իսկ վերջում Արթուր Խաչատրյանն է՝ 132 բացակայությամբ։
ArmDaily.am-ը Ալեն Սիմոնյանի հարտարարության վերաբերյալ զրուցեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։
Պատգամավորի խոսքով՝ ամեն մարդ դիմացինին իր արշինով է չափում, և ՔՊ-ական մեծամասնությունը՝ խորհրդարանի իրենց ղեկավարի գլխավորությամբ, միայն փող և իշխանություն են տենչում՝ դա վերագրելով նաև ընդդիմադիրներին։
«Ընդդիմության ներկայացուցիչ որևէ պատգամավոր՝ անկախ նրանից, իր անունը կա շատ բացակայություններ ունեցողների ցանկում, թե ոչ, երբեք չի ասել, որ իր համար կարևորը մանդատն է ու հանուն մանդատի պատրաստ է գնալ ինչ-որ զիջումների։ Բացակայությունների համար մեզնից աշխատավարձեր էլ են պահվում, սակայն ինչպես նկատել են, ոչ ոք դրա համար չի բողոքում»,-նշեց Խաչատրյանը։
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ որոշ անձանց հարցով գուցե քննարկեն և քաղաքական որոշում կայացվի՝ չդիմել ՍԴ, հարցին՝ արդյոք սրանով իշխանությունը չի՞ փորձում ստուգել ընդդիմության ամրությունը՝ Խաչատրյանը պատասխանեց. «Այո՛, իրենք կարող են դիմել ՍԴ, բայց հավատացնում եմ՝ իրենց ներքին որոշումները ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում։ Մեր ֆրակցիան միահամուռ ու միակամ է, իրենք թող չփորձեն ինչ-որ ազդանշաներ տան, որ մեկի նկատմամբ կարող են դրական լինել, մյուսի նկատմամբ՝ ոչ։ Դա միգուցե իրենց մոտ անցնում է, մեզ մոտ հաստատ չի անցնում»։
Պատգամավորի պնդմամբ՝ իշխանականների համար մանդատից կարևոր ոչինչ չկա, դա նրանց կյանքի նպատակն է, սակայն ընդդիմության համար այս երկիրը շատ ավելի կարևոր խնդիրներ ունի, մասնավորապես Արցախի ճակատագիրը և Բերձորում տեղի ունեցող իրադարձությունները։
«Բերձորի խնդրի մասին առաջին անգամ ԱԺ-ում խոսել եմ դեռևս 2021 թվականի օգոստոսի 11-ին, իսկ իրենք այդ խնդրի մասին ընդհանրապես գաղափար չունեին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Խաչատրյանն, անդրադառնալով ԱԺ-ում տիրող անգործությանը, նշեց. «Պատգամավորը 3 հիմնական և խոշոր գործառույթ ունի՝ օրենսդրական, ներկայացուցչական և վերահսկողական։ Իրենք օրենսդրական մեր բոլոր հնարավորությունները փակել են։ Օգտվելով նրանից, որ իրենք մեծամասնություն են, չարաշահել են այդ հանգամանքը՝ սպանելով մեր բոլոր օրենսդրական նախաձեռնությունները։ Վերահսկողական գործառույթն էլ մենք չենք կարողանում իրականացնել, քանի որ ամեն ինչ իշխանության վերահսկողության տակ է, ու որևէ մեկի ձեռքից իրենք չեն բռնում, իսկ ներկայացուցչական առումով, վստահաբար, մենք ավելի շատ մարդկանց հետ ենք շփվել, քան թե իրենց որևէ պատգամավոր։ Մեզ անգործության մեջ մեղադրող Ալեն Սիմոնյանը թող հիշի, որ ինքը հանդիսանում է ՀՀ ԱԺ-ի և ԱՀ ԱԺ-ի միջև ձևավորված համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան համանախագահը։ Համաձայն այդ հանձնաժողովի կանոնադրության՝ տարեկան երկու անգամ պետք է նիստեր գումարվեն Երևանում և Ստեփանակերտում, մինչդեռ Ալեն Սիմոնյանը թերացել է իր այդ պարտականությունները կատարելիս ու փոխանակ Արցախի խորհրդարանի հետ համատեղ նիստ գումարի, 11 հոգու հետ գնում է Բալի՝ ճոխ գործուղումների»։
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ԱԺ-ում պետք է քննարկվեն երկրի համար կենսական նշանակության խնդիրները, մինչդեռ իշխանական մեծամասնությունը մշտապես փախնում է նման քննարկումներից. «Իշխանական մեծամասնությունը տապալել է Շուշիի հռչակագրի հարցի քննարկումը, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ լսումները ևս տապալեցին, և վերջին անգամ, երբ մենք կրկին արտահերթ նիստ գումարեցինք՝ Արցախի ու սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություն ընդունելու համար, դա ևս տապալեցին։ Մենք ասում ենք, եթե ԱԺ-ում կլինեն հայ ազգի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ, ապա մենք այնտեղ կլինենք, իսկ իշխանությունը նմանատիպ հարցերը լուծում է կեսգիշերին՝ ժողովրդի թիկունքում։ ԱԺ-ով իրենք ուղղակի ուսապարկաբարո քվեարկում են իրենց ղեկավարության կողմից առաջարկված օրենքների օգտին»։
Մելինե Պետրոսյան