Family portrait. Ալեն Սիմոնյան. «Չի կարող պատահել»
Արխիվ
Armdaily.am-ը շարունակում է իր «Family portrait» շարքը, որտեղ ներկայացնում ենք հայտնի պետական ու քաղաքական գործիչների ընտանիքների կենսագրությունը, սոցիալական ակտիվությունը և այլ փաստեր: Այս շաբաթ մեր հերոսը «Իմ քայլը» դաշինքի անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է:
Ալեն Սիմոնյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 5-ին Երևանում: Մինչ ԱԺ հասնելը Ալեն Սիմոնյանը ունեցել է կարիերային բազմաբնույթ ճանապարհ: 1995-1996 թվականներին խաղալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում՝ դարձել է Հայաստանի լիգայի չեմպիոն։ Աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում, 2003 թվականին աշխատանքի է անցել «Կոնվերս» բանկում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ, 2004 թվականին հիմնել է Հայաստանում առաջին՝ «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբը, 2004-2010 թվականներին եղել է վերջինիս սեփականատերը։
ԱԺ փոխնախագահը «Սիթի FM» կայանում վարել է «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահել» ռադիոնախագծերը: Սակայն այսքանով չի եզրափակվել Ալեն Սիմոնյանի կոմերցիոն գործունեությունը. 2007-2012 թվականներին համագործակցել է «Արմենիա», «TV5», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների հետ՝ որպես տնօրեն, դերասան, հաղորդավար, ինչպես նաև զբաղվել է երաժշտական պրոդյուսերությամբ։ Որպես պրոդյուսեր՝ նկարահանել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակներ։ Հանդիսացել է «Ալա Բալա Նիցա» գեղարվեստական ֆիլմի գծային պրոդյուսերը։ 2011 թվականից հանդիսացել է «No comment» ներկայացման տնօրեն։
2013 -ին հիմնել է «Ararat Media Group» ՍՊԸ-ը, որն իր մեջ միավորել է araratnews.am կայքը և «Արարատ» ամսագիրը։
Ալեն Սիմոնայնը կարողացել է համատեղել և քաղաքականությունը և կոմերցիան: Հեռուստատեսությունում աշխատանքի հետ մեկտեղ 2011 թվականից զբաղվել է հրապարակային, հասարակական և քաղաքական գործունեությամբ։
Հարուստ է նաև Ալեն Սիմոնյանի քաղաքական գործունեությունը: Նախ 2013 թվականի նախագահական ընտրություններում նա սատարում էր «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, որից հետո նա քաղաքական գործունեությունը ծավալել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:
Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 10-ին։ Վերջինս Արարատ ամսագրի և araratnews.am-ի գլխավոր խմբագիրն է։ Նրանք ունեն դուստր՝3 ամյա Վիկտորիան։
Նշենք, որ Մարիամը Ալեն Սիմոնյանի երկրորդ կինն է։ ԱԺ փոխնախագահն առաջին ամուսնությունից որդի ունի ,ում անունը Ռոբերտ է։
Ալեն Սիմոնյանը բավականին ակտիվ է սոցցանցերում։ Շատ ժամանակ վերջինիս Ֆեյսբուքյան գրառումներն աղմկահարույց քննարկումների առիթ են դառնում։ Վերջին գրառումներից կարող ենք հիշել օրհներգի փոփոխության ցանկությունը, որը մինչ այժմ էլ դեռ քննարկվում է։
Սիմոնյանը բացի աշխատանքային գրառումներից սիրում է կիսվել կնոջ և աղջկա լուսանկարներով։ ԱԺ փոխնախագահը հաճախ է սեր խոստովանում իր կնոջը համացանցի տիրույթում,ինչն էլ առիթ է տալիս օգտատերերի մեկնաբանը՝ Счастье любит тишину։
Շարքը՝ Արփինե Պետրոսյանի