Ռուսաստանը կփորձի թերագնահատել այս քայլը, բայց մտքի մեջ հիմա «մատը կծել» է արդեն. Արա Պապյանը՝ Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածություն տալու մասին
Քաղաքական
ArmDaily.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, ԱԺ Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը։
-Պարո՛ն Պապյան, օրեր առաջ Եվրամիության գագաթնաժողովում որոշում է կայացվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամության թեկնածու երկրների պաշտոնական կարգավիճակ տալ։ Ի՞նչ է սա նշանակում Ուկրաինայի համար։
-Սա, կարծում եմ, մեծ հաջողություն է Ուկրաինայի համար, որովհետև դա ուկրաինացի ժողովրդի և Ուկրաինա պետության նպատակներից մեկն էր, որը ամրագրված է իրենց Սահմանադրության մեջ։ Սա նաև, կարծում եմ, քայլ է ուղղված ՌԴ-ին՝ հասկացնելու, որ Ռուսաստանը չի որոշում այլ երկրների ճակատագիրը, քանի որ, հիշենք, Ռուսաստանը կտրուկ հանդես էր գալիս Ուկրաինայի՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը։ Սրանով նաև գործնական ուղերձ տրվեց Ռուսաստանին։ Կարծում եմ՝ Մոլդովան այստեղ այդ հանգամանքներից օգտվողներից էր, որովհետև եթե Մոլդովայի աշխարհագրական դիրքին ենք նայում, ապա նա Ռումինիայի և Ուկրաինայի միջև երկիր է, այդ երկու երկրների հետ սահման ունի։ Բնականաբար ինքը չէր կարող կղզիացած մնալ։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Մոլդովան Ռումինիայի նման աջակից ունի ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում, որովհետև դա, ըստ էության, նույն ազգն է՝ տրոհված երկու պետականությունների։ Այնպես որ՝ սա Ուկրաինայի համար կարևոր քայլ եմ համարում, որովհետև պետք է ընդունենք, որ սրա մեջ կա որոշակի ռազմաքաղաքական դրդապատճառ, որովհետև սրանով նաև ոգևորում են Ուկրաինայի ժողովրդին պայքարը շարունակելու։
-Ե՞րբ եք հավանական համարում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը և ի՞նչ ընթացակարգ է իրենից ենթադրում այդ գործընթացը։
-Ցանկացած երկիր որևէ կազմակերպության անդամ դառնալու համար պիտի բավարարի այդ կազմակերպության պահանջները։ Մասնավորապես Վրաստանը, որին չտրվեց նման կարգավիճակ, նրան 12 պահանջ է ներկայացվել, որ համարում է՝ այդտեղ թերացել է։ Ուկրաինան և Մոլդովան էլ շատ-շատ թերություններ ունեն։ Սա տարիների գործընթաց է և չեմ կարծում, որ առաջիկա 5-7 տարվա մեջ կդառնա լիիրավ անդամ, բայց ինքնին այդ գործընթացը, այսինքն՝ երբ դու քո երկրի օրենսդրական, ինչպես նաև գործնական կյանքը սկսում ես համարել ԵՄ չափանիշներին՝ քո երկիրն ու ժողովուրդը դրանից շահում է, որովհետև այդ ընթացքում դու ահագին բարեփոխումներ ես անում և կարծում եմ, որ տրված է պաշտոնական կարգավիճակ դա արդեն հնարավորության դուռ է։ Բայց այո, նաև ուզում եմ համաձայնել, որ չի նշանակում՝ թեկնածուն կդառնա անդամ շատ արագ։ Ուզում եմ հիշեցնել, որ, օրինակ, Թուրքիան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել դեռևս 1960-ականներին և առ այսօր դեռ չի իրականացրել, հատկապես մարդու իրավունքների ոլորտում, այդ բարեփոխումներն ու հաջողությունները, նա այդպես էլ մնում է իր այդ կարգավիճակում և գնալով ավելի վատանում է։ Երբեք էլ չի անդամակցի, հետևաբար ամեն ինչ կախված է Ուկրաինայից։ Ուկրաինայի ժողովուրդը իսկապես այլընտրանք է տեսնում Ռուսաստանի դեմ ԵՄ-ն, և ինքը աշխարհագրորեն էլ սահմանակից է ԵՄ մի շարք երկրների։ Այդ մարդիկ նույնպես, որ այսօր շարժի մեջ են դեպի ԵՄ երկիր, նաև իրենց հետ բերելու են այդ կապերն ու արժեքային համակարգը։
-Պարո՛ն Պապյան, ԵՄ առաջնորդները գագաթնաժողովի ընթացքում եզրակացություն ընդունեցին, որ դաշինքը կշարունակի թե՛ ֆինանսական, և թե՛ ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Ընդգծվեց, որ կուժեղացվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Կունենա՞ սա արդյոք ազդեցություն պատերազմի ընթացքի վրա։
-Ուղղակի՝ոչ, որովհետև պատերազմի համար բուն դերակատարություն ունի ավելի շատ ՆԱՏՕ-ն և, մասնավորապես, ԱՄՆ-ն, բայց սա ոգևորիչ քայլ կլինի Ուկրաինայի ժողովրդի համար։ Շատ կարևոր է, որպեսզի ժողովուրդը զգա՝ ինքը լքված չի Արևմուտքի կողմից, որովհետև ռուսական քարոզչությունը անընդհատ դրա վրա է շեշտում, չնայած դրա համար հիմքեր չկան, որովհետև Ուկրաինան ստացել և ստանում է աննախադեպ աջակցություն։ Սա կունենա բարոյահոգեբանական կարևոր նշանակություն Ուկրաինայի համար և Ռուսաստանում որոշ քարոզիչների բերան կփակվի, որոնք ասում էին՝ Եվրոպան Ուկրաինային երբևէ որևէ կարգավիճակ չի տա և այլն։
-Ձեր կարծիքով ինչպիսի՞ քայլեր կձեռնարկի Ռուսաստանն այս ուղղությամբ, ինչ ռազմավարություն և, առհասարակ, ինչքանով կարող են վերջին զարգացումները զսպող օղակ հանդիսանալ Կրեմլի համար։
-Ռուսաստանը կփորձի թերագնահատել այս քայլը, կասի՝ դե դա կարևոր չի, դա դեռ չի նշանակում անդամակցել, կամ որ անդամ է դառնալու՝ դա ինչ է փոխելու։ Բայց բնականաբար մտքի մեջ հիմա «մատը կծել» է արդեն, որովհետև այդ իր բոլոր քարոզչությունները չանցավ։ Փաստորեն, Ռուսաստանի այդ բոլոր քայլերը, որոնք ուղղված էին անդամակցության այս գործընթացի դեմ, նպաստեցին և արագացրեցին Ուկրաինային նման կարգավիճակ տալը։ Ես վստահ եմ՝ եթե Ռուսաստանը չհարձակվեր Ուկրաինայի վրա՝ Ուկրաինային այսօր որևէ մեկը այդ կարգավիճակը չէր տալու։ Ընդհանրապես Ուկրաինան այսօր աշխարհում հայտնի է դարձել, այսօր ամեն տեղ Արևմուտքում, մասնավորապես ԱՄՆ և Կանադա, ուկրաինական դրոշներ տեսնել, որևէ ընկերության կայք, որը մտնում ենք անպայման ուկրաինական դրոշը կա, նվիրատվության հնարավորություն կա։ Սրանով ՌԴ-ն Ուկրաինային ավելի հզորացրեց։ Շատ բան չի կարող անել Ռուսաստանը։ Նա ինչ կարող էր Ուկրաինայի դեմ անել, անկախ այս քայլից՝ անում է։ Ինքը փորձում է խնդիրը լուծել ռազմականապես, բայց չի կարող, որովհետև ռուսական ռազմական հզորությունը շաբաթ առ շաբաթ թուլանում է, իսկ ուկրաինական ռազմական հզորությունը գնալով շատանում է։ Պարզ է, որ այս ամբողջը վերջանալու է Ռուսաստանի կատարյալ պարտությամբ։ Ուղղակի հարցն այն է՝ այդ կատարյալ պարտությունը ի՞նչ տեսք կունենա, արդյոք Արևմուտքը կգնա՞ Ռուսաստանի անվերապահ կապիտուլյացիայի և տրոհման ճանապարհով, թե՞ ամեն ինչ կսահմանափակվի Ռուսաստանի վերահսկումով, որովհետև նույն Ռուսաստանի տրոհումը Արևմուտքին ձեռնտու չէ։ Ես ավելի հակված եմ, որ կգնա երկրորդ ճանապարհով. իհարկե ազատագրելով Ուկրաինայի ամբողջ տարածքը՝ բանակցված ինչ-որ մի լուծման կգան, պայմաններից մեկը կլինի, իհարկե, Ռուսաստանի արտաքին և ներքին քաղաքականության որևէ փոփոխություն։ Թեև եթե Արևմուտքը ուզենա, Ռուսաստանին կարող է վերջնականապես ջախջախել, նրանից սարքի ոսկե հորդայի հետամնաց ինչ-որ մնացորդ, բայց Արևմուտքին պետք չէ ունենալ մեծ Հյուսիսային Կորեա իր հարևանությամբ, հատկապես՝ տրոհելու պարագայում դա բերելու է հատկապես Չինաստանի հզորացման, որը Արևմուտքի հիմնական մրցակիցն է։