ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին
Քաղաքական
Մտավորականներ և մշակութային գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հայկական բանակի գնդապետ Վարուժան Ավետիսյանին եւ Սասնա ծուռ ապստամբական խմբի մի խումբ անդամների նորից բանտ են նստեցրել։
Չանդրադառնալով այս դատավարության եւ hամաներման խնդրահարույց ընթացքին` կցանկանայինք կենտրոնանալ Վարուժան Ավետիսյանի առողջության հետ կապված անհապաղ լուծում պահանջող խնդրին։
Վարուժան Պարսամի Ավետիսյանի մոտ ախտորոշված է «Հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ» հիվանդություն, որը ծանր և մարդու կյանքին սպառնացող հիվանդություն է: Հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշի առաջացման պատճառները ժամանակին չպարզելը և համապատասխան ու անհրաժեշտ բուժում չիրականացնելը իրական վտանգ են ստեղծում Վ. Ավետիսյանի կյանքի համար։
Վ. Ավետիսյանի հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշի պատճառաբանությունը բոլոր հնարավոր լաբորատոր և գործիքային հետազոտությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չի եղել պարզել, և հաշվի առնելով հիվանդության աննախադեպ և տարբեր ուժգնությամբ կրկնվելու հակումը, ինչպես նաև պաթոգենետիկ բուժման բացակայությունը՝ վերջնական ախտորոշման և բուժման համար Ավետիսյանը կարիք ունի հետազոտման արտերկրում։
Անցյալ տարվա աշնանից սկսած պատրաստ են Գերմանիայում համապատասխան կլինիկայում ախտորոշում անցնելու փաստաթղթերը եւ գերմանական մասնագետները պատրաստ են ամեն պահի ընդունել իրեն:
Անհրաժեշտ է Վարուժան Ավետիսյանին օր առաջ հնարավորություն տալ ստանալ այս բժշկական օգնությունը, ինչպես որ դա արվել է նախկին ռեժիմի մեծ ու փոքր բազմաթիվ ներկայացուցիչների համար, որոնց, քրեական հետապնդման մեջ գտնվելով հանդերձ, թույլ է տրվել արտերկրում բժշկական օգնություն ստանալ։ Խտրական վերաբերմունքը անթույլատրելի է։
Անհրաժեշտ է ապահովել ՀՀ քրեական օրենսդրության մարդասիրության սկզբունքի կիրառումը՝ իրավունքը ծառայեցնելով Վ. Ավետիսյանի ֆիզիկական, հոգեկան և այլ անվտանգությանն ապահովելուն, ինչպես նաև հնարավորություն տալ Վ. Ավետիսյանին հոգալ իր առողջության վերականգնումը:
Հաշվի առնելով Վարուժան Ավետիսյանի պատշաճ վարքագիծն ու այլ դատավարական պարտականություններ կատարելը, դիմում ենք Ձեզ միջնորդել՝ ապահովելու Վարուժան Ավետիսյանի Գերմանիա մեկնումը՝ խիստ անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելու և բուժում ստանալու նպատակով։
Հավաստիացնում ենք, որ Գերմանիայում անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելու և բուժում ստանալուց հետո Վարուժան Ավետիսյանը կվերադառնա Հայաստան:
Նարինե Դելլալյան
Ջութակահար, Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, «Դելլալյան Եռյակ»-ի հիմնադիր ջութակահար, «Հայրիկ Մուրադյան» ՀԿ նախագահ, ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» շքանշանակիր` որպես ամբողջ աշխարհում հայկական մշկույթի տարածող
Զարուհի Մուրադյան
Նկարչուհի, Նկարիչների միության վարչության անդամ, Սարգիս Մուրադյան պատկերասրահի հիմնադիր
Աննա Մաճկալյան
Հայ-ֆրանսիական մշակութային գործիչ
Հրանտ Վարդանյան
Ռեժիսոր, «Արևֆիլմ» ստուդիայի հիմնադիր-տնօրեն»։