Ջանի Ինֆանտինոն շնորհակալական նամակ է հղել ՀՖՖ նախագահին
Սպորտ
Հայաստան այցելելուց հետո ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհակալական նամակ է հղել ՀՖՖ ղեկավար Արմեն Մելիքբեկյանին։ Միջազգային ֆեդերացիայի նախագահն իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արժևորել բոլոր այն մարդկանց, որոնք նպաստում և անգնահատելի աջակցություն են ցուցաբերում Հայաստանում սպորտի զարգացմանը։
«Մեր այցի ժամանակ բազմաթիվ կարևոր պահեր եղան՝ ՀՀ վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, Ծովագյուղում ընկերական հանդիպումը, ինչպես նաև ՀՖՖ 30-ամյակին նվիրված գալա-միջոցառումը։ Դրանք մեզ հնարավորություն ընձեռեցին փոխանակելու մեր մտքերը և տեսլականը, ինչպես նաև ՖԻՖԱ-ի աջակցությունը հայտնելու Ձեր երկրում ֆուտբոլի զարգացման հարցում։ Անկասկած, փոքր դաշտերի կառուցման նախագիծը մեծապես կնպաստի դրան։ Ցանկանում եմ վստահեցնել, որ այս այցն ամրապնդեց մեր վճռականությունը՝ միասին աշխատելու Հայաստանում ֆուտբոլի և ֆուտբոլային համայնքի բարգավաճման համար, և Դուք միշտ կարող եք հույս դնել ՖԻՖԱ-ի աջակցության վրա։ Շնորհակալ եմ Հայաստանում ֆուտբոլի զարգացման ու բարգավաճման գործում Ձեր անգնահատելի աշխատանքի և ներդրման համար ու անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը»,- նշված է Ինֆանտինոյի նամակում։