Ապարանում բողոքի ակցիա են անում Նիգավանի արյունահեղության զոհերի հարազատները
Հասարակություն
Նիգավանի արյունահեղությունից գրեթե մեկ շաբաթ հետո տուժածների հարազատները վաղ առավոտից Ապարանում բողոքի ակցիա են անում:
Նրանք իրավապահներից պահանջում են արդար քննություն իրականացնել:
Տուժածների հարազատներին հատկապես զայրացրել է, որ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատները, որոնք իրենց պնդմամբ դեպքի մասնակից են, ազատության մեջ են:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով սպանվել է երկու երիտասարդ։ Դեպքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև: Ըստ այդ լուրերի`վիճաբանության ընթացքում ՔՊ-ականների հարազատները ավտոմատներով կրակել են երիտասարդների վրա:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը գրառում արեց ֆեյսբուքյան իր էջում` վստահեցնելով, որ դա բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ։ Ոստիկանությունն էլ հաղորդագրություն տարածեց` ընդգծելով, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի։