Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի ողջ էլեկտրոնային այն գրագրությունը, որը վարվում է mail.ru-ով` ըստ ամենայնի` ամբողջությամբ գտնվում է ՌԴ վերահսկողության ներքո
Հասարակություն
Գործարար Վահե Բալբաբյանը, որի դեմ իշխանությունը վիրավորանքի հոդվածով քրեական գործ է հարուցել, իր էջում հրապարակել է Արարատյան մաքսատանն արված լուսանկար, որտեղ Հայաստանի Հանրապետության պետական մարմնի` մաքսատան էլեկտրոնային հասցեն mail.ru տիրույթում է:
Ռուսական այս էլփոստային ծառայությունը սպասարկում է միայն ռուսալեզու անձանց և նախկին խորհրդային երկրների մի մասում է միայն դեռևս կիրառվում:
Ընդհանրապես, իրենց հարգող պետություններում պետական մարմիններն ունենում են սեփական փոստային սերվերներ կամ գործում են end to end encrypted - ելքից` մուտք փակ կոդավորում ունեցող արևմտյան էլեկտրոնային ծառայությունների հիմքի վրա:
Որևէ այլ պետություն, բացի Հայաստանից, որտեղ պետական որևէ կառույց կօգտվեր mail.ru էլեկտրոնային փոստի` քաղաքացիական անձանց համար նախատեսված օգտահաշվից, մեզ հայտնի չէ:
Հավելենք նաև, որ mail.ru-ն բազում մասնագետներ համարում են խիստ անվստահելի և անապահով: Ըստ միջազգային մասնագետների կարծիքի` mail.ru-ի սերվերներին բաց և անընդհատ հասանելիություն ունեն ռուսական հատուկ ծառայությունները, որոնք, ըստ էության, վերահսկում են էլեկտրոնային փոստի ամբողջ կոնտենտը:
Այսպիսով` Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի ամբողջ էլեկտրոնային այն գրագրությունը, որը վարվում է mail.ru-ով, ըստ ամենայնի, ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո և ամբողջությամբ ու առանց որևէ խոչընդոտի, ամենայն հավանականությամբ, հասանելի է ռուսական հատուկ ծառայություններին:

