Ի՞նչ ունեցվածք ունի Գագիկ Ջհանգիրյանը
Հայտարարագիր
ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ունեցվածքը։
Ով է Գագիկ Ջհանգիրյանը
Ծնվել է 1955 թվականին, Արարատ քաղաքում։
Կրթություն
1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը։
1979-1982 թվականներին սովորել է Մոսկվայի Համամիութենական դատախազության ինստիտուտում։
1982 թվականին պաշտպանել է գիտական թեզը «Ժամանցի ոլորտի հանցավորության դեմ պայքարի քրեաբանական պրոբլեմները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանքային փորձ
1970-1973 թվականներին «Բարձրշինտրեստ» 6-րդ շինմոնտաժային վարչությունում աշխատել է որպես գիշերապահ:
1977-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի իրավունքի բաժնում կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող:
1989 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում:
1990-1995 թվականներին եղել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ:
1995-1997 թվականներին աշխատել է որպես ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
1997-2006 թվականներին եղել է ՀՀ Զինվորական դատախազ:
2006-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։
2012-2017 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր:
2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
2021 թվականի ապրիլի 15-ից կատարում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները:
Այլ տեղեկություններ
1994-1995 թվականներին իր մասնակցությունն է բերել ՀՀ առաջին Սահմանադրության մշակման աշխատանքներին՝ զգալի ներդրում ունենալով հատկապես դատական իշխանության, իրավապահ մարմինների բաժինների, Մարդու իրավունքների քրեական արդարադատությանն առնչվող հարցերի և նորմերի մշակման գործին:
1997-2008 թվականներին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, անվանական զենքով, գերատեսչական բազմաթիվ մեդալներով:
1998 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հեղինակ է ԽՍՀՄ-ում, Հայաստանում և արտերկրում լույս տեսած ավելի քան 2 տասնյակ գիտական հրապարակումների։
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ունեցվածքը
Գագիկ Ջհանգիրյանը հայտարարագիրը ներկայացրել է 2022-ի մայիսի 17-ին։
Նրա դրամական միջոցները 2021 թվականի սկզբին կազմել են 1,500 ՀՀ դրամ, որը տարվա վերջում դարձել է 278,000 ՀՀ դրամ։ Նա հայտարարագրել է 500,000 ՀՀ դրամ կանխիկ գումար, որը տարվա վերջում դարձել է 2,000,000 ՀՀ դրամ։ Աշխատանքի դիմաց նա ստացել է 9,861,646 ՀՀ դրամ վարձատրություն Հայաստանի Հանրապետությունից։
Որևէ այլ բան Գագիկ Ջհանգիրյանի հայտարարագրում ներառված չէ։