Մոտակա զարգացումների երկու սցենար կա
Քաղաքական
Մեզ հաճախ հարց են տալիս` ի՞նչ կլինի, կամ ի՞նչ է մեզ սպասում մոտ ապագայում։ Փորձեմ հնարավորինս կարճ և սպառիչ պատասխան տալ հայ հանրությանը հուզող այս համար մեկ հարցին։ Կարծում եմ կա հնարավոր զարգացումների երկու տարբերակ (սցենար)։
ՍՑԵՆԱՐ 1․ ՊՈՒՏԻՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է
Եթե Պուտինին հաջողվի մոտակա 4 – 5 ամիսների ընթացքում գոնե պահպանել Ուկրաինայի առ այսօր գրավված տարածքները (Ղրիմը, Դոնբասը, Իզյումի, Զապորոժյեի և Խերսոնի մարզերը) և խուսափել տնտեսական կոլապսից, ապա այդ դեպքում նա կկարողանա`
– ստիպել աշխարհին համակերպվել ագրեսիայի հետևանքով առաջացած նոր ստատուս քվոյին,
– ստիպել Ուկրաինային կնքել զինադադար,
– սեփական երկրում կատարել սահուն տրանզիտ, պահպանելով ռեժիմը (պուտինիզմը առանց Պուտինի),
– ամբողջությամբ ավարտել Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի և Վրաստանի կլանումը, քաշելով երկաթյա վարագույրը և սկսելով երկարատև սառը պատերազմ-2։
ՍՑԵՆԱՐ 2․ ՊՈՒՏԻՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է
Եթե Ուկրաինային հաջողվի ամբողջ ճակատով անցնելով լայնածավալ հակահարձակման, ազատագրել գրավված տարածքների գոնե մի մասը (Խերսոնի և Զապորոժյեի մարզերը) և եթե Ռուսաստանը խրվի տնտեսական ուժգին ճգնաժամի մեջ (դեֆոլտ, ուժեղ ինֆլյացիա, ահագնացող գործազրկություն), ապա դեպքերի նման զարգացման դեպքում անխուսափելի կդառնա Պուտինի հեռացումը պալատական հեղաշրջման տեսքով (ГКЧП-2 կամ табакерка), մանավանդ որ Ռուսաստանի պատմությունը չափազանց հարուստ է նման օրինակներով (Պավել I, Նիկոլայ II, Լենին, Ստալին, Խռուշչով, Գորբաչև)։ Պուտինը կամ հանկարծամահ կլինի (ինչպես օրինակ Ստալինը 1953 թ. մարտի 5-ին), կամ կդառնա անաշխատունակ (ինչպես օրինակ Լենինը 1922-1924 թթ.)։
Դեպքերի նման զարգացման դեպքում դա կարող է տեղի ունենալ արդեն այս աշնանը։
Դժվար չէ կռահել, որ առաջին սցենարի դեպքում Հայաստանին սպասում է պետականության ու նոր տարածքների կորուստ և աղետալի չափերի հասնող արտագաղթ, իսկ ահա երկրորդ սցենարի դեպքում մեզ համար կբացվի ապագաղութանալու պատմական ու եզակի մի հնարավորություն և հազար ամոթ մեզ, եթե չկարողացանք օգտվել դրանից։
Ահա թե ինչ հարց է հիմա վճռվում Ուկրաինական ճակատում։
Слава Украине!
Ուկրաինան հիմա կռվում է առաջին հերթին իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար, սակայն նաև Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի համար։ Ովքեր չեն հասկանում այս պարզ, ակնհայտ ու անվիճելի պատմական իրողությունը, անհույս տհաս են և ապուշ։
Հավանականության առումով, ես երկրորդ սցենարին կտայի 70 – 80%, այն պարզ պատճառով, որ Պուտինի և պուտինյան ռեժիմի հաղթանակը ձեռնտու չէ քաղաքակիրթ աշխարհը ներկայացնող 50 երկրներին, որոնք լի են վճռականությամբ մեկընդմիշտ վերջ տալ ռուսական իմպերիալիզմին։
Նրանք պարզապես չեն կարող թույլ տալ, որ ստեղծվելիք նոր աշխարհակարգում լինի Ռուսական կայսրությունը իր այսպես կոչված “ազդեցության գոտիներով”, որոնք իրականում գաղութացված երկրներ են։ Մնացածը լոկ լիրիկա է և դատարկաբանություն։
ՀԱՇՎԱԾ ԱՄԻՍՆԵՐ ԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՆՎԵԼՈՒ
Վահե Գասպարյան, Ազգային Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ