«Անհրաժեշտ է Վարուժան Ավետիսյանին օր առաջ հնարավորություն տալ ստանալ բժշկական օգնությունը»․ հայտարարություն
Հասարակություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին
Հայկական բանակի գնդապետ Վարուժան Ավետիսյանին եւ Սասնա ծուռ ապստամբական խմբի մի խումբ անդամների նորից բանտ են նստեցրել։
Չանդրադառնալով այս դատավարության եւ hամաներման խնդրահարույց ընթացքին` կցանկանայինք կենտրոնանալ Վարուժան Ավետիսյանի առողջության հետ կապված անհապաղ լուծում պահանջող խնդրին։
Վարուժան Պարսամի Ավետիսյանի մոտ ախտորոշված է «Հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ» հիվանդություն, որը ծանր և մարդու կյանքին սպառնացող հիվանդություն է: Հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշի առաջացման պատճառները ժամանակին չպարզելը և համապատասխան ու անհրաժեշտ բուժում չիրականացնելը իրական վտանգ են ստեղծում Վ. Ավետիսյանի կյանքի համար։
Վ. Ավետիսյանի հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշի պատճառաբանությունը բոլոր հնարավոր լաբորատոր և գործիքային հետազոտությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չի եղել պարզել, և հաշվի առնելով հիվանդության աննախադեպ և տարբեր ուժգնությամբ կրկնվելու հակումը, ինչպես նաև պաթոգենետիկ բուժման բացակայությունը՝ վերջնական ախտորոշման և բուժման համար Ավետիսյանը կարիք ունի հետազոտման արտերկրում։ Անցյալ տարվա աշնանից սկսած պատրաստ են Գերմանիայում համապատասխան կլինիկայում ախտորոշում անցնելու փաստաթղթերը եւ գերմանական մասնագետները պատրաստ են ամեն պահի ընդունել իրեն:
Անհրաժեշտ է Վարուժան Ավետիսյանին օր առաջ հնարավորություն տալ ստանալ այս բժշկական օգնությունը, ինչպես որ դա արվել է նախկին ռեժիմի մեծ ու փոքր բազմաթիվ ներկայացուցիչների համար, որոնց, քրեական հետապնդման մեջ գտնվելով հանդերձ, թույլ է տրվել արտերկրում բժշկական օգնություն ստանալ։ Խտրական վերաբերմունքը անթույլատրելի է։
Անհրաժեշտ է ապահովել ՀՀ քրեական օրենսդրության մարդասիրության սկզբունքի կիրառումը՝ իրավունքը ծառայեցնելով Վ. Ավետիսյանի ֆիզիկական, հոգեկան և այլ անվտանգությանն ապահովելուն, ինչպես նաև հնարավորություն տալ Վ. Ավետիսյանին հոգալ իր առողջության վերականգնումը:
Հաշվի առնելով Վարուժան Ավետիսյանի պատշաճ վարքագիծն ու այլ դատավարական պարտականություններ կատարելը, դիմում ենք Ձեզ միջնորդել՝ ապահովելու Վարուժան Ավետիսյանի Գերմանիա մեկնումը՝ խիստ անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելու և բուժում ստանալու նպատակով։
Հավաստիացնում ենք, որ Գերմանիայում անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելու և բուժում ստանալուց հետո Վարուժան Ավետիսյանը կվերադառնա Հայաստան:
Ռուբեն Բաբայան
Երևանի Հ.Թումանյանի անվ.պետ.տիկնիկային թատրոնի ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետ. ինստիտուտի «Դերասանի վարպետության և ռեժիսուրայի» ամբիոնի վարիչ, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
Հրանուշ Խառատյան
Պատմական գիտությունների թեկնածու, ազգագագրագետ
Ազատ Օրդուխանյան
Գերմանիա, պատմաբան, Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միության նախագահ
Ժիրայր Ավանյան
Ապրում է Հայաստանում` 1994 թվականից։ 1998- ին հիմնադրել է «Դոլմամա» Հայաստանի ռեստորանը` նորովի ներկայացնելով հայաստանյան ճաշատեսակները։ 2013 թվականին ստեղծել է «Թռչող Ջայլամ» Դիլիջանյան ռեստորանը։ Այս տարի բացվել է երկրորդ Դիլիջանյան գործունեությունը՝ «Իմտունը» հյուրատուն-ռեստերանը։Ամբողջ հայաստանյան գործունեությունը նվիրված է երկրում տուրիզմի զարգացմանը։ Նահանգներում զբաղված է եղել արվեստի բնագավառում։ Նորաձևության մեջ ստեղծել և ղեկավարել է «Ջիվան ատելիե» նորաձևության սրահը։