Ինչպե՞ս սնվել ամռան սեզոնին․ խորհուրդներ Գայանե Շախաթունուց
Հասարակություն
Արդեն ամառ է, ջերմաստիճանը բավականին բարձ է, ու երբեմն այս շոգ եղանակին որոշակի մթերքների սխալ պահպանումն ու օգտագործումը վնասում են մեր օրգանիզմին։ ArmDaily.am-ը դիետոլոգ, սննդաբան Գայանե Շախաթունուց փորձել է պարզել՝ ամռան տապիմ հատկապես ի՞նչ սնունդ է անհրաժեշտ մեր օրգանիզմին և ինչպե՞ս պետք է պահել սնունդը։
Գայանե Շախաթունին հայտնեց, որ շոգ օրերին, մարդու օրգանիզմը պետք է ստանա մինիմում 30 տոկոս ավելի ջուր, քան այլ ստանում է այլ եղանակներին։ Բացի դրանից ցանկալի կլինի, որ ջուրը լինի ոչ թե սառը, այլ սենյակային ջերմաստիճանի։ «Այս շոգ օրերին անհրաժեշտ է խմել շատ ջուր, թեյ, սուրճ, ու եթե հնարավոր է դրանք չփոխարինել հյութերով»,- նշեց սննդաբանը։
Խոսելով ամռան սեզոնի նախընտրելի մթերքներից՝ Շախաթունին ընդգծեց, որ մեծ հաշվով ամեն ինչ էլ կարելի է ուտել, սակայն պետք է խիստ ուշադրություն դարձել սննդի պահպանման կանոններին։
«Բոլոր սննդամթերքներն անպայման պետք է պահվեն սառանարանում, անգամ մրգերն ու բանջարեղենը, նույնիսկ նրանք, որոնք թվում են թե փչանալու խնդիր չունեն։ Բանջարեղենն ու մրգերը սառանարանում կարելի է պահել մոտավորապես 3-4 օր, իսկ կաթանամթերքը՝ կաթը, թթվասերը, կաթնաշոռը, և այն մթերքները, որոնք պարունակում են ձու, սառնարանում կարելի է պահել մաքսիմում 2 օր, այդ թվում՝ նաև թխվածքները»,- ընդգծեց Շախաթունին։
Դիետոլոգի խոսքով՝ ամռան շոգ օրերին ցանակալի չէ ուտել պահածոյացված սնունդ՝ առհասարակ նմանատիպ «պրովոկացիոն» ուտելիքներ։
«Ամռանն ամենավտանգավոր ուտելիքների շարքին են դասվում նաև սեխը, ձմերուկը, քանի որ դրանք հիմնականում վաճառվում են բաց տարածքներում՝ արևի ուղիղ ճառագայթների տակ, ու մարդիկ հստակ չեն կարող իմանալ, թե օրինակ իր գնած ձմերուկը քանի օր է մնացել արևի տակ։ Ուստի խորհուրդ կտամ գոնե գնեն այնպիսի խանութներից, որոնցում կան օդափոխման համակարգեր»,-հորդորեց Շախաթունին։
Մեր զրուցակցի պնդմամբ՝ վտանգավոր են նաև ելակը, ազնվամորին և այն ամենը, ինչը հողի հետ ուղիղ կոնտակ է ունենում, ու մարդիկ ինչքան էլ ուտելուց առաջ լավ լվանան, հնարավոր է չկարողանան ամբողջությամբ անցկացնել արանքներում եղած բացիլները։ Իսկ դրանք ժամանակի ընթացքում վերածվում են տոքսինների՝ առաջացնելով թունավորումներ։
«Ելակը, կանաչիները և բոլոր այն մթերքները, որոնք հողի հետ ուղիղ կոնտակտ ունեն, պետք է ջրի մեջ շատ երկար թողնել, անգամ կարելի է շատ թույլ սոդայաջրով լվանալ, որոշ ժամանակ թողնել ջրում, որպեսզի արանքներում առկա բացիլները մաքրվեն։ Այլապես շատ դեպքերում սխալ լվանալն աղիքային ինֆեկցիաների պատճառ է դառնում»,- ընդգծեց սննդաբանը։
Շախաթունու խորհրդով՝ անհրաժեշտ է ոչ միայն ամռան, այլ նաև այլ եղանակներին օգտագործել անսահման քանակությամբ բանջարեղեն, քանի որ դա մեր օրգանիզմին միայն ու միայն օգուտ է լինելու։
«Բանջարեղենի օգտագործումը զերծ է պահում ամեն տեսակի թունավորումից։ Բացի դրանից, եթե մարդն օրվա ընթացքում չի հասցնում ջուր խմել, բայց իր օգտագործած սննդամթերքի մեծ մասը կազմում են բանաջարեղենները, ապա դրանք օգնում են լրացնել նաև օրգանիզմի ջրի պակասը, քանի որ մեծ քանակությամբ ջուր են պարունակում»,- ամփոփեց սննդաբանը։
Մելինե Պետրոսյան