Ադրբեջանն ինտենսիվ կերպով պատրաստվում է պատերազմի. Հայկ Նահապետյան
Քաղաքական
ԱԱԾ-ն այսօր հայտնեց, որ ձերբակալվել է ՀՀ Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
ArmDaily.am-ի հետ զրույցում պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, խոսելով այդ ձերբակալման մասին, նշեց, որ Պն բարձրաստիճան պաշտոնյանի մեղադրանքում ավելի լուրջ է ոչ թե գնումների հետևանքով պետությանը պատճառած վնասի չափը, այլ այն, որ գնումների արդյունքում 44-օրյա պատերազմի ժամանակ օգտագործված զինամթերքը ըստ գործի նպատակային չի ծառայել։
«Այն խնդիրները, որոնք դրված են եղել, ենթադրենք, հրետանու առջև, հրթիռների կայանքների, իրենք թիրախային առումով իրենց նպատակին չեն ծառայել։ Իրավական գործընթաց է, որն իր հիմնավորումները ունի»,- ասաց Նահապետյանը։
Անդրադառնալով այս ձերբակալմամբ պատերազմի հանգուցալուծման իրական մեղավորներից ուշադրությունը շեղելու հավանականությանը՝ Նահապետյանը նշեց, որ այստեղ հարցն ավելի խորքային է։ Հենց Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանությունը, որ ինքը թիվ մեկ պատասխանտուն է, բայց ոչ թիվ մեկ մեղավորը, ինչպես նաև պատերազմը կանխելու հնարավորության մասին հայտարարությունը ցույց են տալիս համալիր քննություն իրականացնելու անհրաժեշտությունը։
«Այդ դեպքում պատասխանատուների և մեղավորների շրջանակը անհամեմատ ավելի մեծ է լինելու՝ ներառյալ նաև երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասաց ռազմական փորձագետը։
Անդրադառնալով մեր բանակում այժմ տիրող իրավիճակին, ԳՇ պետի թափուր մնալուն, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու և տրամադրելու մասով ՊՆ որդեգրած անհասանելիության քաղաքականությանը՝ Հայկ Նահապետյանը նշում է, որ ՊՆ-ն այն կառույցն է, որը պետք է հասարակության համար որոշակի գաղտնիության սկզբունքով աշխատի, բայց վերջին տարիներին այդ սկզբունքը չի պահպանվում։
«Նախ պատերազմի սկզբում, երբ 4-րդ օրը կոչ էր արվում անձանց սաղավարտներով և զրահաբաճկոններով ներկայանալ հավաքակայան և այլն։ Այս ամենը նաև որոշաի առումով ծառայողական գաղտնիք է կրում. դու ասում ես, թե բանակը ինչ չունի։ Որոշակիորեն փակ պետք է լինի բանալը, բայց այս իրավիճակում հանրության իրազեկվածությունը պետք է ապահովել։ Սա հարցի մի կողմն է։ Երկրորդ կողմը՝ երբ Պաշտպանության նախարարը ոլորտի մասնագետ չի, իսկ նման որոշում կայացվել է թիմային տրամաբանությունից ելնելով, արդյոք սա մարտահրավեր չի այդ կառույցը ոտքի կանգնեցնելու համար։ Ես կարծում եմ՝ առաջնահերթ մարտահրավերներից մեկը Պաշտպանության նախարարի կադրերի նշանակումն է։ Հաջորդ մարտահրավերը՝ զորքերի կառավարումը, որն իրականացնում է Գլխավոր շտաբը, այսօր ամբողջությամբ համալրված չէ։ Սա մեծ բացթողում է, սա լրջագույն մարտահրավեր է մեր երկրի պաշտպանունակությունը և մարտունակությունը ապահովելու համար»,- ասաց ռազմական փորձագետը։
Նա նաև կարևոր է համարում և ուշադրություն է հրավիրում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշման հետևանքով անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, կարգապահության և մարտական ոգու վրա։
«Այստեղ ևս ակնհայտորեն բարձիթողի վիճակ է, և վերջին դեպքերը՝ կրակոցները, սպանությունները, ինքնասպանությունները դրա վառ ցուցիչն են»,- ասաց Նահապետյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ եթե Հայաստանը չի ճանաչելու Արցախը Ադրբեջանի մաս, ապա իրենք հիշելու են, որ 1918 թվականին Զանգեզուրը, որը Ադրբեջանի ընկալմամբ միայն Սյունիքը չէ, այլ նաև Արարատյան դաշտավայրը, իրենց տարածքն է և այդ դեպքում իրենք իրավունք ունեն խախտելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ռազմական փորձագետը սա որակում է որպես պատերազմական գործողություններ իրականացնելու սպառնալիք։
«Ալիևը նման կերպ է խոսում, որովհետև և՛ բաց աղբյուրներից տեղեկատվության, և՛ իրենց հետախուզության տվյալներով իրենք գնահատում են մեր բանակի մարտունակությունը, մեր Զինված ուժերի արտաքին ագրեսիան դիմագրավելու ունակությունը։ Քանի որ, ինչպես ասում են, իրենց գնահատականը խիստ կերպով իրենց օգտին է, ապա նաև կարող են և խոսում են սպառնալիքի լեզվով»,- ասաց Նահապետյանը։
Նա նշում է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը շատ արագ կարողացել է վերականգնել իր թե՛ մարդկային, թե՛ տեխնիկական կորուստները, ինչը ևս նրանց թույլ է տալիս սպառնալիքներ հնչեցնել մեր հասցեին։
«Վերականգնելը ինչպե՞ս է երևում. հարաբերական առումով փորձառության պակաս ունեցող անձինք, քաղաքացիները, կամ պահեստազորում գտնվող անձինք, որոնք զորակոչվում են, իրենց փոխանցում են փորձառություն նրանք, ովքեր պատերազմում են եղել, անցել են այդ թոհուբոհով, իսկ այդ փոխանցումը տեղի է ունենում զորավարժությունների ժամանակ։ Այդ իրողությունը հաշվի առնելով՝ մենք կարող ենք գնահատել, որ Ադրբեջանը ինտենսիվ կերպով պատրաստվում է պատերազմի։ Ինքը չի պատրաստվում ինքնապաշտպանության, որ Հայաստանի հնարավոր սպառնալիքը կա, և իր այդ նախանձախնդիր կերպով բանակը ավելի մարտունակ պահելու ցանկությունը չի պայմանավորում մեր ագրեսիվությամբ։ Այստեղից հետևություն՝ եթե ինքը պատրաստվում էր, համալրում էր իր անձնակազմը, նորագույն տեխնիկա և զինամթերք էր գնում և այլն, ապա պատրաստվում էր ակտիվ ռազմական գործողությունների։ Այս դեպքում և ներկայիս իրավիճակում Հայաստանի դիմադրությունը համարժեք չի լինի»,- ասաց Նահապետյանը։