Ինչո՞ւ է ձգձգվում Վանաձորի դրամատիկական թատրոնի վերանորոգումը. Վահե Շահվերդյանի ահազանգն ու նախարարության արձագանքը (լուսանկարներ)
Ֆոտո
Վանաձորի դրամատիկական թատրոնի շենքում չկա մի հատված, որը վերանորոգման կարիք չունենա, ArmDaily.am-ին պատմեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։
Հովհաննես Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1931 թվականին, մասնակի վերանորոգվել 1974 թվականին, երբ շենքը հրդեհվել էր, իսկ վերջին անգամ որոշակի կոսմետիկ հարդարման է ենթարկվել գրեթե 15 տարի առաջ։ Դրանից հետո թատրոնն այդպես էլ հիմնանորոգման չի ենթարկվել։
«Սարսափելի է և՛ աթոռների, և՛ բեմի վիճակը, սպասրահները, զուգարանները, հարդասենյակները։ Մի խոսքով՝ թատրոնը շատ վաղուց չի վերանորոգվել, իսկ հիմա հատակն այնքան փտած է, որ հատվածներ կան ոտքդ դնելիս չգիտես, թե ինչքան խորք է գնում։ Շատ տխուր վիճակ է»,- ասաց Շահվերդյանը։
Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ արդեն 4-րդ տարին է թատրոնի վերանորոգման հարցը ձգձգվում է, խնդրի վերաբերյալ միայն ԿԳՄՍ նախարարությանն է դիմել, սակայն հիմա, ինչպես նշում է Շահվերդյանը, «բոլոր դռներին պետք է զանգը կախի»։
«Թեև նախագծերը պատրաստ են, ամեն ինչ արդեն ավարտված է, մնում է սկսեն։ Պետք է այս տարի սկսեին, բայց ինչ-ինչ պատճառներով, ես չգիտեմ, նորից հետաձգվեց։ Ես վախենում եմ, որ մյուս տարի հանկարծ ասեն՝ նորից է հետաձգվում։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի մյուս տարի սկսեն վերանորոգումը։ Ես այս տարվա համար արդեն հույս չունեմ, չեմ էլ հավատում նման խոստումների, գոնե մյուս տարի սկսեն, որովհետև կարող է շենքի մի պատը փլվել։ Այս վիճակն է»,- ասաց Շահվերդյանը։
Նախարարությունը վերանորոգման աշխատանքները ձգձվելու տարբեր պատճառներ է նշել։ Ինչպես պատմեց Շահվեդյանը, մի անգամ նախագծերն են ձգձգվել, մեկ ուրիշ անգամ՝ արված նախագծերը թերի էին և նորից պետք է արվեին։
«Այսպիսի ընթացք և էտապներ է ունեցել»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
ArmDaily.am-ի ունեցած տեղեկություններով՝ կառավարությունը թատրոնի շենքի վերանորոգման համար միջոցներ հատկացրել է, սակայն դրանք այդպես էլ չեն ծառայել նպատակին։
Վահե Շահվերդյանն ասաց՝ այդ մասին որևէ տեղեկության չի տիրապետում։
«Այդ մասին ես ոչ մի ինֆորմացիա չունեմ։ Կարծում եմ՝ գումարը ոչ թե հատկացվել է, այլ որոշվել է այդ գումարը այս անգամ մեկ ուրիշ վերանորոգման վրա ծախսել։ Գուցե այդպես, բայց կոնկրետ այս թատրոնին գումար հատկացվել է, թե ոչ՝ ես տեղյակ չեմ»,- ասաց Շահվերդյանը։
Չնայած բազմաթիվ խնդիրներին, թատրոնը շարունակում է բնականոն աշխատանքը և հանդիսատեսին ներկայանում նոր ներկայացումներով։
ArmDaily.am-ը կապ հաստատեց նաև ԿԳՄՍ նախարարության հետ։ Մեզ հետ զրույցում Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն ասաց, որ Վանաձորի թատրոնին 2019 թվականին գումար է հատկացվել շենքի վերանորոգման նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի կազմման և դրան զուգահեռ շարժական բեմի սարքավորումների ձեռք բերման համար։
«Այդ նախագծա-նախահաշվարկային աշխատանքների գործընթացը 2022-ին ստացել է վերջնական դրական եզրակացությունը այն կառույցներից և գերատեսչություններից, որոնք հաստատում են նախագծա-նախահաշվարկային փաթեթը։ 2023-2025 թթ նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծում Վանաձորի թատրոնի համար ըստ տարիների համապատասխան գումար է նախատեսված թատրոնի շինարարավերականգման աշխատանքների համար, իսկ 2025 թվականի համար՝ արդեն գույքի ձեռքբերման համար»,- ասաց Սվետլանա Սահակյանը։
Թե որքա՞ն գումար է հատկացվելու ծրագիրն իրականացնելու համար՝ Ժամանակակից արվեստի վարչության պետը չցանկացավ հայտնել։ Նա նշեց, որ գումարի չափը դեռ պետք է հաստատվի և ընդգրկվելու է 2023 թվականի բյուջետավորման ծրագրի մեջ։
«Այս պահին, կարծում եմ, ճիշտ չի լինի թիվ հնչեցնել։ 2023 թվականի բյուջեն երբ հաստատվի, կարող ենք խնդրին նորից անդրադառնալ։ Այդ ժամանակ կարող ենք հստակ ասել, թե թատրոնի համար որքան գումար է նախատեսված»,- ասաց Սահակյանը։
Դիտարկմանը, արդյոք այս գործընթացը ներկայացվե՞լ է թատրոնի ղեկավարությանը, քանի որ Վահե Շահվերդյանն ահազանգում է վերանորոգման անհրաժեշտության մասին, որը ձգձգել չի կարելի, Սահակյանն արձագանքեց. «Թատրոնի գեղարվեստական ղեկավարը և տնօրենը միանշանակ պարբերաբար այդ հարցով դիմում են նախարարության այդ ոլորտը համակարգող փոխնախարարին։ Այնպես չէ՝ խնդրից տեղյակ չենք կամ չենք զրուցել։ Պարզապես, մեր հարգարժան պարոն Շահվերդյանը ևս մեկ անգամ որոշել է անդրադառնալ խնդրին և հիշեցնել, որ թատրոնը կարիք ունի վերանորոգման»։
Նա վստահեցրեց՝ որ Վանաձորի դրամատիկական թատրոնի խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է և, առհասարակ, բոլոր թատրոնների նկատմամբ անհրաժեշտ ուշադրություն ցուցաբերվում է։
«Այնպես չէ, որ ուշադրությունից զուրկ են, կամ անուշադրության են մատնված, պարզապես գործընթացը երկարատև է, և մենք փորձել ենք բաշխել ըստ տարիների։ Եթե ամբողջը ճիշտ ընթանա և միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատում ստանա, ապա 2023-ին թատրոնի վերանորոգման աշխատանքները կսկսվեն, իսկ 2025-ին արդեն գործընթացներ կսկսվեն թատրոնի համար համապատասխան գույք՝ լուսաձայնային սարքավորումներ և այլն ձեռք բերելու համար»,- ասաց վարչության պետը։
Վահե Շահվերդյանը մեզ նաև լուսանկարներ է տրամադրել, որոնցում երևում է թատրոնի անմխիթար վիճակը։
Արփինե Պետրոսյան