Նիհարել ցանկացողները ժամը 18.00-ից հետո չպետք է շատ ջուր խմեն.օգտակար խորհուրդներ Գայանե Շախաթունուց
Հասարակություն
Ավելորդ քաշի դեմ պայքարողներին օգնելու համար ArmDaily.am-ը շարունակում է ներկայացնել օգտակար զրույցներ դիետոլոգ, սննդաբան Գայանե Շախաթունու հետ: Այս անգամ նա խոսել է առողջ նիհարելու և օրվա ընթացքում սպառվող ջրի քանակի մասին:
Դիեոտոլոգը նշում է, որ ժամանակին կարծրացած կարծիք կար, թե նիհարող մարդն օրվա ընթացքում պետք է շատ ջուր խմի: Երբեմն խոսքը գնում էր օրական մի քանի լիտր խմելու մասին:
«Նույնիսկ հաշվարկներ կային, որ մեկ կգ-ի դիմաց 30 մլ ջուր պետք է խմի նիհարել ցանկացող մարդը: Սակայն այստեղ շատ կարևոր հանգամանք կա, արդյոք օրգանիզմը օրվա մեջ ինչքա՞ն է ջուր գոլորշացնում և ի՞նչ մթերք է մարդն ուտում: Եթե նա շատ միրգ ու բանջարեղեն է ուտում, եթե նիհարող մարդ է և շատ կաղամբ կամ շատ վարունգ է ուտում, կանաչեղեն, ապա այդ ամենն արդեն իր մեջ ջուր է պարունակում, կամ շատ թեյ է խմում, սա նշանակում է, որ այդ մարդն արդեն լրացրել է ջրի պահանջն իր օրգանիզմում: Եվ ստիպել այդ մարդուն խմել հավելյալ ջուր, հատկապես եթե նա գրասենյակային աշխատող է, շատ չի քրտնում օրվա մեջ և այն մարդուն, որը շինարար է կամ ավտոմեխանիկ, երկու տարբեր բնույթի աշխատանքներ կատարող մարդկանց չի կարելի նույն կանոնով առաջնորդվել: Մեկը շատ ջուր չի սպառում, մյուսը շատ մեծ քանակով ջուր է գոլորշիացնում, հետևաբար սպառվող ջրի քանակն ու պահանջարկն էլ տարբեր են լինում»,-ասաց Շախաթունին:
Դիետոլոգը խորհուրդ է տալիս ականջալուր լինել սեփական օրգանիզմի պահանջին, եթե ծարավ ենք, խմում ենք, եթե ոչ՝ ուրեմն չենք խմում:
«Երեկոյան ժամը 18.00-19.00-ից հետո շատ քանակությամբ ջուր պետք չի խմել, որովհետև այդ ժամերին ջրաաղային հարաբերությունը դանդաղում է օրգանիզմում, այսինքն՝ աղը ջրից զտման մետոբոլիկ պրոցեսը՝ նյութափոխանակությունը դանդաղում է և օրգանիզմը գնում է դեպի քուն: Եվ շատ ջուր խմելու դեպքում հնարավոր է դուք արթնանաք այտուցներով»,-զգուշացնում է Շախաթունին:
Դիետոլոգը կարևորում է նաև աղի օգտագործումը: Նա խորհուրդ է տալիս սովորական աղը փոխարինել ծովային աղով,չգերազանցել աղի քանակը օրական 3-4 գրամից ավել:
«Դրա շնորհիվ մենք չենք ունենա նաև ջրաաղային հարաբերության խախտման խնդիր, քանի որ շատ աղը օրգանիզմում խանգարում է քաշը կորցնելուն: Բայց աղն ամբողջովին բացառել էլ չի կարելի, քանի որ յոդացումը հիմնականում մենք ստանում ենք աղից: Այսպիսով՝ մենք հանգում ենք այն մտքին, որ նիհարում ենք ամեն ինչ չափավոր օգտագործելով»,-ասաց Շախաթունին:
Դիետոլոգը նշում է, որ ռացիոնում պետք է լինեն բացառապես բնական ծագմամբ մթերքներն ու ընդհանրապես պետք է բացառել սինթետիկ սննդատեսակները՝ երշիկեղենը, խտացրած կաթը, մարգարինով թխվածքները, ֆասթֆուդի տարբեր տեսակները:
Հայկա Ալոյան