Ընդդիմադիրից իշխանական՝ ընդամենը մեկ քայլ. ո՞վ է Սյունիքի նորանշանակ փոխմարզպետը (լուսանկարներ)
Քաղաքական
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ։ Նրա ֆեյսբուքյան էջում արդեն շնորհավորական գրառումներ և մեկնաբանություններ են հայտնվել։
Նորանշանակ փոխմարզպետը նախկինում եղել է Կապանի շրջանի Շիկահող գյուղի համայնքապետը, պաշտոնավարել է 2016 թվականից։ Նա Շիկահողի առաջին կին համայնքապետն է եղել, 26 տարեկանից զբաղեցրել է այդ պաշտոնը։
Պատերազմից հետո Շիկահողն այն բնակավայրերից մեկն է, որը դարձել է Ադրբեջանի հետ սահմանակից, և պատահական չէ, որ Նարե Ղազարյանը, որպես համայնքի ղեկավար, պարբերաբար հայտնվում էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Ի սկզբանե նա,կարծես, ընդդիմադիր հայացքներ ուներ. 2020 թվականին Ղազարյանը մի խումբ գյուղացիների հետ ճանապարհ էր փակել և իշխանությունից պահանջում էր զորք ուղարկել՝ գյուղի անվտանգությունն ապահովելու համար։
Նա հայտարարում էր, որ գյուղացիները միայնակ չեն կարողանում գյուղը պահել, իսկ ադրբեջանական ուժերը այն բարձունքների վրա են, որոնք ունեն կենսական նշանակություն։
Իսկ ահա մեկ տարի անց արդեն Նարե Ղազարյանի կյանքում իրավիճակ փոխվեց։ Երբ 2021-ին նա ArmDaily.am-ի հետ զրուցում էր Գորիս-Կապան միջպետական ճանապարհի վրա արդբեջանական մաքսակետի տեղակայման մասին և արձագանքում իրենց գյուղի շրջափակման լուրերին, համառորեն պնդում էր, որ որևէ խնդիր չկա, անտեղի խուճապ է տարածվում և ամոթանք էր տալիս ընդդիմությանը։ Եվ սա այն պարագայում, երբ հարակից գյուղերի համայնքապետերը ահազանգում էին Կապան-Ճակատեն ճանապարհի փակման և դրա պատճառով առաջացած խնդիրների մասին։