Իրենք ընդամենը բողոքարկում են բողոքարկելու համար. պաշտպանը՝ Առուշանյանի դատավճռի դեմ դատախազության բողոքի մասին
Իրավական
Դատախազությունը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Դատախազությունն այժմ պահանջում է բեկանել արդարացման դատական ակտը, կայացնել նոր որոշում և գործով անցնող երեք ամբաստանյալներին, այդ թվում՝ Առուշանյանին, մեղավոր ճանաչել:
ArmDaily.am-ի հետ զրույցում Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դատախազի բողոքի պատճենը չեն ստացել։
«Կարող եմ ասել, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ընտրակաշառքի մասով, մասնավորապես, Առուշ Առուշանյանին առաջադրած մեղադրանքի շրջանակներում, օրինական հիմնավորված և շատ պատճառաբանված դատական ակտ է ներկայացրել, հետևաբար այս առումով ես որևէ կերպ բեկանման հիմք չեմ տեսնում։ Այդ մասով դատարանը որևէ դատական սխալ թույլ չի տվել, հետևաբար վստահ եմ, որ այդ առումով դատախազի բողոքը, նույնիսկ այն պայմաններում, որ մենք չենք ստացել, միանշանակ սնանկ է լինելու։ Այդտեղ չի լինելու որևէ հիմնավորված հետևություն, որևէ պատճառաբանություն, որ այդ դեպքը տեղի է ունեցել, և Առուշ Առուշանյանը որևէ առնչություն ունի։ Հետևաբար վստահ եմ՝ դատախազի բողոքը միանշանակ վերաքննիչ քրեական դատարանի կողմից պետք է մերժվի»,- ասաց պաշտպանը։
Նրա խոսքով՝ իրավական պրակտիկան ցույց է տալիս՝ դատախազությունը բողոքարկում է բոլոր այն որոշումներն ու դատական ակտերը, որոնք իրենց համար բարենպաստ չեն։
«Պարոն Առուշանյանը տվյալ պարագայում բացառություն չէ։ Ես վստահ եմ՝ դատախազությունում նույնպես գիտեն, որ դատական ակտը, այդ մասով, հիմնավոր է և պատճառաբանված։ Ուղղակի դեռ Սովետից որդեգրած մոտեցում կա, որ բոլոր դատական ակտերը, որոնք բարենպաստ չեն դատախազության համար, պետք է բողոքարկվեն, և այստեղ գործում է նույն այդ սցենարը։ Իրենք ընդամենը բողոքարկում են բողոքարկելու համար։ Իսկ իրական կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք. պարոն Առուշանյանը ոչ միայն մեղավոր չէ այդ արարքի կատարման մեջ, այլ նույնիսկ առնչություն չունի»,- ասաց պաշտպանը։
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած ակտին, ապա Ալեքսանյանի կարծիքով՝ այդտեղ կան հանգամանքներ, որոնց հետ պաշտպանական կողմն իր անհամաձայնությունն ունի։
«Մասնավորապես, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը խմբ.), ինքնիրավչության մասով։ Այս առումով մենք նույնպես մեր անհամաձայնությունն ունենք և համապատասխան բողոքը Վերաքննիչ ներկայացրել ենք»,- ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ Առուշ Առուշանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ինքնիրավչության համար։
Դատարանը որոշել էր համայնքի ղեկավարին 5 տարի ժամկետով զրկել տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, տուգանել նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով, վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 ամիս 18 օր ժամկետով, որը պայմանականորեն չէր կիրառվել: Առուշանյանը, սակայն, արդարացվել էր ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, ապօրինի ձեռնարկատիրության և ընդերքի պահպանման, օգտագործման կանոնները խախտելու հոդվածներով: