Հայաստանի իշխանությունը փորձում է փլուզել Արցախի հարցում մեր միասնականությունը. ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար
Հասարակություն
Արցախի Ազգային Ժողովի 4 խմբակցությունները երեկ երեկոյան հանդես եկան Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները դատապարտող հայտարարութամբ։ Դրան, սակայն, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի խմբակցությունը չէր միացել և ավելի ուշ հանդես էր եկել առանձին հայտարարությամբ։
ArmDaily.am-ը կապ հաստատեց Բաբայանի մամուլի խոսնակի հետ՝ պարզելու համար 4 ուժերի հայտարարությանը չմիանալու պատճառը։ Նա, սակայն, ասաց, որ միայն երեկոյան կկարողանա կապ հաստատել Բաբայանի հետ՝ մեզ պատասխանելու համար։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը ArmDaily.am-ին հայտնեց, որ քննարկումների ժամանակ Բաբայանի կուսակցությունից հայտարարության տեքստի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի հնչել։ «Ընդամենը լսել ենք երկու բառ՝ սպասում ենք, որ Սամվել Բաբայանը ծանոթանա տեքստին և ասի՝ միանում ենք, թե ոչ։ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը հայտարարության տեքստն ուղարկել էր Սամվել Բաբայանին։ Մենք չորս ժամից ավելի սպասում էինք, քանի որ չէինք ուզում փլուզվի այն միասնությունը, որ ձևավորվել է Արցախի հարցի շուրջ։ Սակայն, տեսանք, որ ,այսպես ասած, խորամանկություն ասենք, թե ինչ ասենք, նմանատիպ մտահոգիչ հայտարարություն կուսակցությունն արեց, բայց երևի թե Հայաստանի իշխանությունների կողմից ուղղորդված՝ փլուզել Արցախի հարցում այս միասնականությունը»,-մանրամասնեց Գալստյանը։
Նա հավելեց, որ հայտարարությունը կարող էին հրապարակել ժամը 16.00-ին, բայց հրապարակեցին 18.00-ից հետո, քանի որ բոլոր խմբակցությունները սպասում էին Սամվել Բաբայանի արձագանքին։
Հայկա Ալոյան