Պոլիկլինիկաների օպտիմալացումն արվում է մասնագետներին կրճատելու, փող խնայելու համար. բնակիչներն ահազանգում են, քաղաքապետարանը՝ պարզաբանում
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է իր ենթակայության տակ գտնվող մի քանի պոլիկլինիկաների վերակազմակերպում։
Նախագծով առաջարկվում է՝
1) «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա» եւ «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ները վերակազմակերպել՝ միացնելով «Թիվ 4 պոլիկլինիկա»-ին
2) «Արաբկիր մանկական պոլիկլինիկա»-ն վերակազմակերպել՝ միացնելով «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնին
3) «Սարի Թաղ» պոլիկլինիկան վերակազմակերպել՝ միացնելով թիվ 17 պոլիկլինիկային
4) «Նորագավիթ պոլիկլինիկա»-ն վերակազմակերպել՝ միացնելով թիվ 13 պոլիկլինիկային
5) «Նուբարաշեն» պոլիկլինիկան վերակազմակերպել՝ միացնելով «Նոր Արեշ» պոլիկլինիկային։
Այս որոշումը բուռն քննարկումների առարկա է դարձել, նախ՝ վերակազմակերպում տերմինը չի պարզաբանվում և շատերի համար անհասկանալի է, թե ինչ նկատի ունեն քաղաքային իշխանությունները։ Բացի դա՝ պոլիկլինիկաների ծառայություններից մեծամասամբ օգտվում են ծերերը և երեխաները, իսկ պոլիկլինիկաներ տեղափոխելը լրացուցիչ անհարմարություններ է առաջացնում։
«Մեր ընտանիքը բազմանդամ է, բաղկացած է 9 անձից, որից 3-ը անչափահաս են, մեկը՝ 92 տարեկան ու ինչպես է հնարավոր անչափահասներին՝ 1-ից 7 տարեկան, կամ ծեր կնոջը բուժզննման համար հասցնել մեկ այլ թաղամասում գտնվող պոլիկլինիկա: Հիմա շատ հաճախ երբ բժիշկ են հրավիրում, այնքան հերթ է լինում պոլիկլինիկայում, որ հազիվ են հասցնում գալ տուն։ Օպտիմալացման դեպքում օրերով պետք է սպասել բժշկի այցին կամ էլ պարզապես պետք է հրաժարվել պոլիկլինիկական ծառայությունից»,- ArmDaily.am-ին պատմեց Նորագավիթի բնակչուհի Մարիամ Գրիգորյանը։
Նույն համայնքի մեկ այլ բնակչուհի Սվետա Գևորգյանը նույնպես ահազանգում է պոլիկլինկաների հասանելիության և մատչելիության խնդիրների մասին։
«Նորագավիթի պոլիկլինիկան ցանկանում են միացնել 13-րդ պոլիկլինիկային՝ առանց ստուգելու, հաշվի առնելու, որ Նորագավիթի բնակիչը նվազագույնը 2 տրանսպորտ պետք է փոխի, որ հասնի այդ պոլիկլինիկան, քանի որ Նորագավիթից դեպի այդ պոլիկլինիկա գնացող տրանսպորտ անգամ չկա: Բացի դա, հիմա էլ պոլիկլինիկաներում հսկայական հերթեր են, միավորումից հետո պոլիկլինիկա մտնել առհասարակ հնարավոր չի լինի: Հասկանալի է, որ սա արվում է մասնագետներին կրճատելու, փող խնայելու համար»,- ասաց Սվետա Գևորգյանը։
ArmDaily.am-ի հետ զրույցում փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը հստակեցնում է՝ վերակազմակերպում ասելով նկատի ունեն մի քանի իրավաբանական միավորների միացում, որի արդյունքում ձևավորվում է մեկ՝ ավելի խոշոր իրավաբանական միավոր։
«Հետագայում, թե այդ պոլիկլինիկաները, որոնք տարբեր ֆիզիկական տեղակայում ունեն, արդեն կտեղափոխվեն, կմեկտեղվեն մի տեղում, թե ոչ, դա առանձին պատմություն է։ Դեռ նոր պետք է այդ մասով քննարկումներ սկսվեն, դրա նպատակահարմարությունը հասկանանք։ Առաջին փուլով՝ պոլիկլինկաներ փակել, կրճատել, նման խնդիր չի լուծվում, այդպիսի նպատակ էլ չկա։ Վերակազմակերպել ասվածի տակ միայն իրավաբանական ավելի խոշոր միավորի ստեղծումն է»,- ասաց փոխքաղաքապետը։
Որպես այդպիսին՝ պոլիկլինիկաները ֆիզիկապես չեն տեղափոխվի, բայց, ինչպես նշում է Գևորգ Սիմոնյանը, Թիվ 1 պոլիկլինիկայի և Արաբկիրի մանկական պոլիկլինիկայի վերաբերյալ քննարկումներ կան՝ ծառայությունները մոտակա այլ պոլիկլինիկա տեղափոխելու համար, սակայն վերջնական որոշում չկա։
Փոխքաղաքապետը վստահեցնում է՝ այս նախագծի պատճառով բուժհաստատությունների շահառուները որևէ դժվարություն չեն ունենա։
«Մեր կարծիքով՝ շահառուները միայն շահելու են։ Ե՛վ հասանելիությունն է բարձրանալու, և՛ մատուցվող ծառայությունների տեսակներն են ավելանալու, ստիպված չեն լինելու մեկից ավելի անգամ այցելելու պոլիկլինիկա և այլն։ Մենք այսկերպ նաև պոլիկլինկաներում հերթերի խնդիրն ենք լուծում, որովհետև հիմա մի քանի պոլիկլինիկաներում նեղ մասնագետը 0.25 դրույքով է աշխատում և շատ հաճախ թերապևտի և նեղ մասնագետի աշխատաժամերը չեն համապատասխանում իրար, արդյունքում՝ թերապևտին այցելած քաղաքացին ստիպված է լինում նեղ մասնագետի խորհրդատվության համար սպասել։ Բացի դա՝ նեղ մասնագետը սահմանափակ ժամանակ ունի, շատ մարդ է հավաքված լինում և այդ սահմանափակ ժամանակում սենյակի մոտ կուտակումներ են լինում։ Երբ խոշորացնենք, դրույքաչափերը 0.25 դրույքից կդառնան 1 դրույք և բոլոր մասնագետները լիարժեք աշխատանքային օր կլինեն տեղում և անընդհատ հասանելի կլինեն քաղաքացիների համար»,- ասաց փոխքաղաքապետը։
Ինչ վերաբերում է նախագիծը իրագործելու ժամկետներին՝ Գևորգ Սիմոնյանի նշում է 3-4 տարին։
«Հիմա 2 պոլիկլինիկա դրել ենք հիմնանորոգման ծրագրում։ Այս տարի կսկսենք Նորք Մարաշի և Ավանի պոլիկլինիկաների վերակառուցումը։ Սա աննախադեպ ծրագիր է։ Երևանի քաղաքապետարանը առաջին անգամ է նման կապիտալ ներդրում իրականացնում։ Հաջորդ տարի արդեն Եվրամիության աջակցությամբ հիմա բանակցում ենք ևս 4 պոլիկլինիկա հիմնանորոգման ծրագրում ներառենք, միգուցե Երևանի քաղաքապետարանի բյուջեով մյուս տարի մի քանի պոլիկլինիկա ավելացնենք։ Այս խոշորացվողները կկենտրոնացնենք, եթե կենտրոնացնելու ենք՝ կվերազինենք, կարդիականացնենք, կունենանք ժամանակակից առողջապահական ենթակառուցվածք»,- ասաց Գևորգ Սիմոնյանը։
Առողջապահության փորձագետ Դավիթ Մելիք Նուբարյանի կարծիքով՝ բուժհաստատությունների ցանկացած օպտիմալացում պետք է հետապնդի մեկ նպատակ՝ մարդկանց առողջության պահպանման որակի բարելավումը։
«Որևէ գործողության հիմքում՝ որպես հիմնավորում դնել ֆինանսների տնտեսումը կամ այլ ոչ առողջապահական գործոններ, կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չի։ Մյուս կողմից՝ խնդիր կա, որպեսզի պոլիկլինիկական համակարգը ավելի արդյունավետ գործի և ֆինանսական ու դրանից բխող ենթակառուցվածքների տեսանկյունից ավելի կայուն լինի։ Այս առումով անելիք կա»,- ArmDaily.am-ին ասաց Մելիք Նուբարյանը։
Փորձագետը նշում է, որ ցանկացած օպտիմալացում պետք է շատ խորը վերլուծել, և առանձնացրեց մի քանի առանցքային կետ։
«Առաջինը՝ պոլիկլինիկայի գործունեության հիմքում մարդու համար ֆիզակական մատչելիությունն է։ Որքան մոտ են լինում հաստատությունները և մատչելի, այնքան մարդիկ ավելի շատ են հաճախում, իսկ հաճախելիության տեսանկյունից Հայաստանում այնքան էլ լավ չի վիճակը։ Մայրաքաղաքում, մինչև կովիդը, միջինում բնակիչը 4.2 անգամ էր հաճախում պոլիկլինիկա, բայց երբ բացվածքը նայում ենք, պարզ է դառնում, որ հաճախողների 72%-ը ծերերն են ու երեխաները»,- ասաց փորձագետը։
Նա խորհուրդ է տալիս քննարկել օպտիմալացման ոչ թե ֆիզիկապես փակելու հնարավորությունը, այլ պոլիկլինկաները վերազինելու տարբերակը։
«Երևանում 23-24 պոլիկլինիկա կա։ Պահպանելով ֆիզիկապես իրենց ամեն ինչը, այդ պոլիկլինիկաների փոխարեն ունենալ 4-5-6 խոշոր մեկ տեղից կառավարվող պոլիկլինիկական հզոր կազմակերպություններ, որոնք կկարողանային մրցակցել նաև մայրաքաղաքի խոշոր բուժհաստատությունների հետ, կունենային կոնսոլիդացված բյուջե։ Դրանով նաև կլուծվեր անարդյունավետությունների հարցը»,- նշում է Մելիք Նուբարյանը։
Առողջապահության փորձագետը համաձայն է, որ բարեփոխումների պահը հասունացել է, բայց պետք է բացառվի «ի վնաս»-ի սկզբունքը։
Արփինե Պետրոսյան