Հիմա ընթանալու է դանդաղ,ճահճային բանակցությունների փուլ. Մհեր Հակոբյանը՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի մասին
Քաղաքական
«Տեխնիկապես՝ ձևավորված կազմը նորմալ է»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան, իրավաբան Մհեր Հակոբյանը՝ խոսելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմի մասին։
Նշենք, որ կազմում են մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ, իսկ հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Համացանցում ներկայացված կազմը քննարկումների առարկա է դարձել, օգտատերերի մոտ տարակուսանք է առաջացրել հանձնաժողովում անծանոթ պաշտոնյաների առկայությունը։
Մհեր Հակոբյանը, սակայ, նշում է, որ լայն հասարակությունը գերատեսչությունները ճանաչում է նախարարների մակարդակով, ոչ թե տեղակալների։
«Խնդիրն ավելի գլոբալ է։ Նախ՝ սրա արդիականությունը չկար և պահը չէր, մանավանդ, երբ Հայաստանը նման թուլացած վիճակում է։ Երկրորդ՝ ես շատ թեական եմ վերաբերում այս գործընթացին։ Եթե մեկ օրինակով ներկայացնենք, ապա այս գործընթացը նման է 20 կմ վազելուն նախապատրաստվելուն. ամեն մեկը չի կարող այդքան վազել, բայց մինչե վազելը մենք պատրաստվում ենք՝ արթնանաում ենք, լոգանք ենք ընդունում, հագնում ենք սպորտային հագուստ, կապում ենք սպորտային կոշիկների քուղերը, մի բան ենք ուտում, ջրի շիշը վերցնում, ապա նոր դուրս ենք գալիս 20 կմ-ը հաղթահարելու։ Մենք այժմ սպորտային կոշիկների քուղերը կապելու փուլում ենք։ Այսինքն՝ այս ամենը, որ արվում է, այս երկար պրոցեսի նախապատրաստական մասն է, որը գուցե կարևոր է, բայց ոչինչ չի որոշում պրոցեսի հետ կապված»,- ասաց Հակոբյանը։
Ըստ վերլուծաբանի՝ այս պրոցեսը շատ դանդաղ է ընթանալու և հաջող ավարտ չի ունենալու։
«Աշխարհի մեծ խաղացողները շահագրգռված չեն, որպեսզի այս խնդիրը լուծվի, սա մեկ։ Երկրորդ՝ այս պահին Ադրբեջանը խոսում է հաղթող ուժի դիրքերից, իսկ սահմանային դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովը դա ենթադրում է փոխզիջում։ Հիմա Ալիևը «ալֆա-самец»-ի կերպարի մեջ է մտել և ասում է՝ նույնիսկ մի կտոր էլ մեզ չի զիջի, իսկ մենք չենք կարող կապիտուլյացիոն դիրքերից հանդես գալ։ Հիմա ընթանալու է դանդաղ, ճահճային բանակցությունների մի փուլ։ Երրորդ՝ պատերազմական բանակներ են այնտեղ կանգնած, տեխնիկապես էլ դժվար է լինելու այդ ամենն այնտեղ կյանքի կոչելը։ Չորրորդ՝ այդ ամենը դեռ պետք է գա ՀՀ Ազգային ժողով, հաստատվի, գնա Սահմանադրական դատարան, հետ գա, օրենքի տեսք ստանա»,- ասաց Մհեր Հակոբյանը։
Ինչ վերաբերում է գործընթացի արագացված լինելուն՝ վերլուծաբանը նշում է, որ արագացված է միայն տեխնիկական մասը, իսկ բովանդակայինը կերևա առաջիկայում։
«Այս ամենը, նույնիսկ իշխանության կողմից, իմիտացիա է։ Գործընթացներ են սկսել, որ ներքին և արտաքին լսարանին ցույց տան՝ իրենք ինչ-որ բան են անում, իրենց գոյության արդարացումը գտնեն։ Բայց, ըստ էության, իշխանությունները ոչինչ չեն անում՝ ո՛չ ներքին ինստիտուցիոնալ բարեփոխում, ո՛չ ոլորտային բարեփոխում։ Հիմա հասարակությանը զբաղեցնում են նրանով, որ Նիկոլը զբաղված է արտաքին սահմաններով։ Հիմա մարդկանց էլ ասում են՝ երբ Արցախի հարցը լուծենք, հետո արդեն թալանածը հետ կվերադարձնենք, դղյակները հետ կվերադարձնենք և այլն, և այլն։ Բայց երկիրը այդպես չեն կառավարում, պետք է միաժամանակ արվեն գործընթացները»,- ասաց Հակոբյանը։
Նա չի կարծում, որ գործընթացը շուտ կլինի, եթե լինի ընդհանրապես։
«Այս սկզբնական գործընթացները թող մարդկանց չխաբեն, սա հեշտ մասն է։ Սա հիշեցնում է Ղարաբաղի բանակցային գործընթացը՝ 6 ամիսը մեկ անգամ հանդիպում են, ինչ-որ դրույթներ ամրագրում, ապա լռում։ Այս ողջ գործընթացը կեղծ օրակարգի պարտադրում է և Հայաստանի, և Ադրբեջանի համար։ Ես այս մի հարցով հանգիստ եմ, որովհետև ինձ թվում է՝ արդյունք չի լինի։ Հերթական նիկոլական, մի քիչ միջազգային, բայց թաղված գործընթաց է»,- ասաց վերլուծաբանը։
Նա հիշեցնում է Սահմանադրական հանրաքվեն, դատավորների վեթինգը և այլ գործընթացներ, որոնք այս իշխանությունը սկսեց, բայց այդպես էլ տրամաբանական ավարտին չհասցրեց և որևէ արդյունք չգեներացրեց։