Քանի դեռ մենք մեզ եւ աշխարհին ներկայանում ենք որպես Սովետական Հայաստանի իրավահաջորդ, ոչ մի միջնորդ չի կարող հօգուտ մեզ քայլ կատարել. Վարուժան Ավետիսյան
Քաղաքական
«ԵՄ-ն Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու իր հիմնական նպատակն իրագործելու համար նրան դուրս է մղում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացից»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային ժողովրդական Բևեռ»-ի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով նախօրեին Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը և Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությանը։
«Եթե մենք նրա հետ միասին հեռացնենք Ռուսաստանին, ապա կօգտվենք։ Իսկ եթե մնանք Ռուսաստանից կառչած, ապա Արեւմուտքը Ռուսաստանին կհեռացնի առանց մեզ եւ այդ դեպքում դա կարող է լինել մեր շահերի հաշվին։ Քանի դեռ մենք մեզ եւ աշխարհին ներկայանում ենք որպես Սովետական Հայաստանի իրավահաջորդ (անհեթեթ երեւույթ, քանի որ այն միջազգային իրավունքի սուբյեկտ չի եղել), ընդունում ենք Մոսկվայի եւ Կարսի ռուս-թուրքական ապօրինի պայմանագրերով եւ դրանց ի շարունակություն ընդունված վարչական եւ կուսակցական ապօրինի ակտերով ձեւավորված սովետական սահմանները, ոչ մի միջնորդ չի կարող հօգուտ մեզ որեւէ քայլ կատարել»,- ասաց Ավետիսյանը։
Ինչ վերաբերում է Արցախի ինքնորոշմանը, ապա Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ եթե խոսում ենք Հայաստանի Հանրապետության մաս կազմող Արցախի ինքնորոշման մասին, ապա լեգիտիմացնում ենք Արցախի հանձնումը թշնամիներին։
«Ինչպես նաեւ լեգիտիմացնում ենք մնացյալ Հայաստանի Հանրապետության վերածումը ինքնուրույնությունից եւ ապագայից զուրկ ռեսուրսային օբյեկտի։ Սովետական Հայաստանի՞, թե՞ 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդություն.այս երկուսն են նշաձողի ստորին եւ վերին մակարդակները։ Իսկ քանի դեռ Սովետական Հայաստանի իրավահաջորդության համատեքստում են նշաձողեր որոնում, ավարտը հերթական աղետն է լինելու։ Լուծումը մեկն է` ազգային իշխանություն, 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդություն, դրանից բխող դեօկուպացիոն ռազմավարություն, որը ենթադրում է նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության չեղարկում»,- նշեց Ավետիսյանը։