Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան և Արևմուտքը մրցակցության մեջ են. Սուրենյանցը՝ Բրյուսելի գործընթացի մասին
Քաղաքական
«ՀՀ կառավարության և Եվրախորհրդի նախագահի հայտարարության մեջ շեշտադրումների որոշակի տարբերություններ կան»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով նախօրեին Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը և Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությանը։
Քաղաքագետը նշեց, որ ՀՀ կառավարության տեքստը շատ կարճ է և դժվար է պատկերացում կազմել, թե բովանդակային առումով 5-6 ժամ ինչ են քննարկել կողմերը։
«Միշելի հայտարարությունը շատ ավելի առարկայական է, և այնտեղ մենք հասկանում ենք, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի հարցում ձեռք է բերվել պայմանավորվածություն, և այդ հանձնաժողովը պետք է սկսի գործել։ Սրանով հանդերձ մյուս հարցերում այս հայտարարություններում կան շատ բացեր։ Օրինակ՝ ասվում է, որ ղեկավարները համակարծիք են, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում, նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ, բայց որոնք ենք այդ սկզբունքները, արդյոք միջանցքի հարցը դու՞րս է եկել օրակարգից, թե՞ շարունակում է մնալ։ Մեր կուսակցության համար, ինձ համար՝ որպես քաղաքական գործիչ և քաղաքացի, սկզբունքային է, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին։ Սա խնդիր է, որը կառավարությունը պիտի պարզաբանի»,- ասում է Սուրենյանցը։
Վերջինի համար ակնհայտ է, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնության չեն եկել Արցախի կարգավիճակի հարցում։
«Միշելի՝ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ձևակերպումը, ըստ էության, կանխորոշում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իրական իջեցում, որովհետև խոսվում է էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության մասին՝ առանց ինքնորոշման իրավունքին հղում անելու։ Ես կարծում եմ՝ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ խաղաղության գործընթացը երկփուլ լինի, և առաջին փուլում առկախվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը։ Նման հնարավորություն ենթադրում է ռուսական միջնորդությունը, մանավանդ, որ պաշտոնական Մոսկվան նույնպես ասում է, որ կարգավիճակի հարցի լուծումը պետք է թողնել ավելի ուշ ժամանակի»,- ասաց քաղաքագետը։
Նա նշում է, որ սա սկզբունքային մոտեցում է, որովհետև այս փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումը հայկական կողմին ձեռնտու չէ մի շարք բոլորիս հասկանալի պատճառներով։
«Բրյուսելի գործընթացը ինձ մոտ հարցեր է առաջացնում, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան և Արևմուտքը մրցակցության մեջ են, թե ով է լինելու հայ-ադրբեջանական հարաբերությունների մոդերատորը։ Այդ մրցակցությունը կարող է անվտանգային նոր ռիսկեր ծնել Հայաստանի համար»,- նշեց Սուրենյանցը։
Ինչ վերաբերում է հայտարարության մեջ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի վերաբերյալ կետին և դրանից բխող հնարավոր անվտանգային ռիսկերին, քաղաքագետը նշեց՝ երկու հայտարարություններում էլ շատ ընդհանուր են ձևակերպումները։
«Դրանց տակ կարող ենք և՛ միջանցք հասկանալ, և թե՛ սովորական տրանզիտ հասկանալ։ Այս տեքստից պարզ չէ՝ տարանցման ինչպիսի սկզբունքներ են համաձայնեցրել Ալիևն ու Փաշինյանը։ Մինչև չհասկանանք սկզբունքները, չենք կարող հստակ ասել, թե խոսքը միջանցքի մասին է, որը վտանգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թե սովորական տրանզիտի մասին է, որի շրջանակներում քննարկել են մաքսային քաղաքականություն և այլ հարցեր։ Շատ սկզբուքային է հասկանալ՝ տարանցման կարգավորման ինչպիսի սկզբունքներ են համաձայնեցվել։ Հայաստանի տարածած հաղորդագրությունից ընդհանրապես ոչինչ հասկանալի չէ, իսկ Միշելի տարածած հաղորդագրությունը, իհարկե, շատ ավելի առարկայական է, բայց մի շարք հարցերի պատասխան մնում է օդում կախված»,- ասաց քաղաքագետը։
Սուրենյանցը վստահեցնում է՝ պաշտոնական Երևանը տարածում է այնպիսի հաղորդագրություն, որն ավելի մոտ է իր պատկերացումներին, իսկ Բաքուն տարածելու է այնպիսի հաղորդագրություն, որն ավելի մոտ է իր պատկերացումներին։
«Միջնորդ կողմը միշտ ավելի օբյեկտիվ հայտարարություն է տարածում։ Սա խոսում է երկու բանի մասին. 1-ին՝ ոչ բոլոր հարցերն են համաձայնեցված, և կողմերից յուրաքանչյուրը փորձում է առաջին հերթին իր օրակարգի վրա շեշտադրում անել, 2-րդ՝ թե՛ պաշտոնական Բաքուն, թե՛ պաշտոնական Երևանը բանակցությունների վերաբերյալ տարածում են այն կտորները, որոնք իրենց ավելի ձեռնտու են»,- ասաց քաղաքագետը։ Արփինե Պետրոսյան