Ժան Միշելի տարածած հայտարարությունը ծայրից ծայր համահունչ է Իլհամ Ալիևի՝ նախկինում արված հայտարարություններին. Արման Աբովյան
Քաղաքական
«Այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ ՀՀ իշխանությունները հետևողականորեն իրականացնում են նախկինում իրենց բոլոր ակնարկած քայլերը»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով նախօրեին Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը և Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությանը։
«Եվրոպացիները ձևավորում են ալտերնատիվ հարթակ, որը կտրված է դասական եվրասիական կամ ռուսական հարթակից։ Այս պայմաններում դելիմիտացիան և դեմարկացիան նշանակելու է, որ նախ մի կողմից ընդունվելու են 44-օրյա տեռորիստական պատերազմի հետևանքները, և երկրորդ՝ ինչ սկզբունքներով են, ինչի հիման վրա են առհասարակ այդ դելիմիտացիան և դեմարկացիան հասկացվելու»,- ասաց Աբովյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանն ուզում է մեկընդմիշտ փակել Արցախի հարցն իր համար, իսկ դա հնարավոր է անել միայն հայկական էթնիկ տարրի կա՛մ ոչնչացմամբ, կա՛մ տարհանմամբ։
«Ադրբեջանը նաև ուզում է վերահսկողություն սահմանել Հայաստանի ստրատեգիկ ուղիների վրա, խոսքը Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մասին է։ Դա ինքը, փաստացի, մասնակի արել է, պարզապես հիշենք, թե որտեղ են հիմա ադրբեջանցիները։ Այս պրոցեսները պարզապես այդ գործընթացի լեգիտիմացման պրոցեսներ են»,- շեշտեցԱբովյանը։
Միշելի տարածած հայտարարությունում խնդրահարույց են նաև Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տարանցումը կարգավորող սկզբունքները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածների միջև կապի և երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքի միջոցով միջազգային փոխադրումների մասին կետը։ Արման Աբովյանի բնորոշմամբ՝ այդ թուրքական պորտալարի ձևավորումը, որին Հայաստանը ինքնամոռաց հրճվանքով չի դիմադրում, ապագայում բերելու է մեր երկրի մասնատման։
«Թուրքերը և ադրբեջանցիները շատ ռացիոնալ են այս տեսանկյունից և ունեն խնդիր ցամաքով միավորվելու։ Մարդ չպետք է լինի հանճար, որպեսզի քարտեզը բացի և հասկանա, թե որ տարածքի վրա իրենք աչք ունեն։ Խաղաղության դարաշրջանը բերելու է պատերազմի այն ֆորմատով, որով այս իշխանությունները դիտարկում են այդ դարաշրջանը»,- ասում է Աբովյանը։
Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ժան Միշելի տարածած հայտարարությունը ծայրից ծայր համահունչ է Իլհամ Ալիևի՝ նախկինում արված հայտարարություններին։
«Մենք կարող են հստակ ֆիքսել 2 բան՝ այս իշխանությունները անում են ամեն ինչ, որ այս ձևաչափով հասնեն իրավիճակի, երբ հնարավորություն կլինի իբրև թե խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։ Սա վտանգավոր միֆ է, որը միանշանակ բերելու է արհավիրքի և պատերազմների։ ՀՀ ներկայիս իշխանությունները բազմաթիվ անգամ ընդգծել են, որ Հայաստանը իբր թե ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և իրենք այդտեղ խնդիր չեն տեսնում։ Պարզ է, որ դա ակնհայտ սուտ է և մանիպուլյացիա, և այսօր շատ պարզ ու հստակ ցուցիչ կա. մենք չպետք է ընկնենք ցանկությունների կամ ենթադրությունների դաշտ, բայց ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանություններին պարզապես հայտարարել, որ Արցախի անկախությունը սակարկության առարկա չի, կամ ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկումների առարկա չի։ Հիմա հարց՝ ինչու՞ չեն հայտարարում»,- ասում է Աբովյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք այս գործընթացը կասեցնել, եթե իշխանափոխություն լինի, Աբովյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքական, դիվանագիտական գործընթաց հնարավոր է թե՛ կանգնեցնել, թե՛ ֆորմատը ձևափոխել, թե՛ ինչ-որ ուրիշ մի ֆորմատի բերել։ Ես պարզապես հիշեցնեմ, որ միջազգային դիվանագիտական պրակտիկան ունի շատ ցայտուն օրինակներ, երբ բանակցություններ էին գնում, նույնիսկ փաստաթղթեր էին ստորագրվում, բայց այս կամ այն պետությունն իր ազգային շահերից դուրս գալով, պարզապես, չէր կատարում, կամ փոխում էր այն։ Գոյություն ունի ցանկություն, կամք և տեսլական, եթե անհամաձայն կողմը ունի այդ երեքը, ապա ամեն ինչ հնարավոր է»։