Նշված անձն իրականում եղել է հրապարակում. Ոստիկանության պարզաբանումը Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին
Հասարակություն
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում հրապարակում էր արել՝ հայտնելով, որ դերասան Գնել Սարգսյան գիշերը՝ 03.00-ի սահմաններում, ֆրանսիայի հրապարակում փորձել է սադրանք հրահրել և պոկել Հայաստանի ու Արցախի դրոշները։ Սակայն, ոստիկանները ժամանակին կասեցրել են այդ փորձն ու նրան հեռացրել հրապարակից։
ArmDaily.am-ի հետ զրույցում Բաբայանը մանրամասնեց.«Նա փորձել է նաև կռիվ հրահրել, բայց հրապարակում եղած մարդիկ արագ իրեն մեկուսացրել են, հետո ոստիկանությունը կանխել է սադրանքի փորձը։ Ընթացքում նա փորձել է հրապարակում տեղադրված դրոշները պոկել՝ ոստիկանությունն արագ կանխել է»,-ասաց Բաբայանը։
Կապ հաստատեցինք նաև Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ ճշտելու՝ արդյոք հարուցվե՞լ է քրեական գործ պետական խորհրդանիշ հանդիսացող դրոշը միտումնավոր պոկելու կամ վնասելու մասով։ «Իրականում նշված անձը եղել է Ֆրանսիայի հրապարակում, բայց միջադեպ չի գրանցվել, ոստիկանները միջադեպը կանխել են, այդ անձը հեռացվել է տարածքից»,- ասաց Գաբրիելյանը։
Փորձեցինք կապ հաստատել նաև Գնել Սարգսյանի հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր։
Հայկա Ալոյան