Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ
Հասարակություն
FlyOne ավիաընկերությունը հունիսի 14-ից կսկսի ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Անթալիա: Ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ փոխադարձության սկզբունքով թե՛ Pegasus ընկերությունը, թե՛ FlyOne Armenia-ն իրականացնելու են չարթերային չվերթներ Երևան-Անթալիա-Երևան երթուղով, շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին: «Ինչպես Երևան-Ստամբուլ-Երևան երթուղու, այնպես էլ այս դեպքում մեկ հայկական և մեկ թուրքական ընկերություն հայելային ձևով, նույն քանակությամբ իրականացնելու են պարբերական, ոչ կանոնավոր չվերթներ»,-ասաց Անանյանը:
Նա նշեց, որ ինչպես բոլորն ավիացիայի ոլորտում, իրենք ևս դիտարկում են հեռանկարը երկարաժամկետ կտրվածքով և ,այս պարագայում հայելայնության սկզբունքից ելնելով՝ իրենք նույնպես իրականացնելու են չվերթները, ինչպես Pegasus ընկերությունը թուրքական կողմից:
FlyOne Armenia-ի խորհրդի նախագահը մանրամասնեց՝ հայելայնությունն այն սկզբունքն է, որ եթե իքս քանակության չվերթներ թույլատրված է մեկ ավիաընկերությանը՝ նույն քանակությամբ չվերթներ իրականացնում է մյուս ավիաընկերությունը: Ավիատոմսերի արժեքը սկսում է 110 եվրոյից: «Մեր օդանավերը բիզնես կարգ չունեն՝ մենք low coster ավիաընկերություն ենք՝ հասանելի չվերթներ ենք իրականացնում»,-եզրափակեց նա:
Թուրքագետ Մհեր Աբրահամյանն անդրադառնալով դեպի Անթալիա չվերթների իրականացմանը, ասաց, որ եթե Թուրքիայից ապրանքների ներկրումը լուծում էր ինչ-ինչ խնդիրներ, ապա չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը: «Եվ այսօր, այս պարագայում բացել նման չվերթ ու իրականացնել նման քայլեր, խոսում է այն մասին, որ կա միտում, որն ուղղված է, այսպես կոչված, հայ-թուրքական կեղծ լոզունգին: Սա այդ կեղծ լոզունգի քաղաքականության մի մասն է և ,ցավոք սրտի, արձանագրենք, որ կլինեն մարդիկ, որոնք կօգտվեն այդ կեղծ իրողությունից և իրենց հանգիստը կանցկացնեն Անթալիայում և այդպես իրենց գումարը կծախսեն Թուրքիայում»,-ասաց Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ եթե Թուրքիայից ապրանքների ներմուծման պարագայում հարկեր էին մուտքագրվում բյուջե, ապա այս պարագայում մեր քաղաքացիներն են, Թուրքիա հանգստի մեկնելով,փող ծախսելու այնտեղ:
Հայկա Ալոյան