Ինչո՞ւ է Արցախում կառավարման կիսանախագահական մոդելին անցնելու անհրաժեշտություն առաջացել
Արցախ եւ մարզեր
Արցախում սահմանադրական փոփոխություններ կիրականացվեն: Նախագահական կառավարման համակարգից անցում կկատարվի կիսանախագահական համակարգին: Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Ըստ այդմ, եկող տարի սպասվում են խորհրդարանի, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ:
ArmDaily.am-ի հետ զրույցում Արցախի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԱՀ ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է անվտանգային կարևոր խնդիրներով։
«Հետպատերազմական ժամանակաշրջանում առաջացել են հարցեր՝ կառավարման հետ կապված: Գործող Սահմանադրությամբ նախագահը հանդիսանում է գործադիր իշխանության և՛ ղեկավար, և՛ երկրի գլուխ, որի հրաժարականի կամ պարտականությունները չկատարելու, խնդիրներ առաջանալու դեպքում ամբողջ պետական կառավարման համակարգը կաթվածահար է լինում: Այսինքն՝ երկրի ղեկավարի հրաժարականի դեպքում լուծարվում է Ազգային Ժողովը, կառավարությունը հրաժարական է տալիս ու ստացվում է ճգնաժամ կառավարման համակարգում»,-ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այդ ամենը կանխելու համար պետք է տարանջատել իշխանության ճյուղերն, ու ընտրությունները տարբեր ժամանակահատվածներում անցկացնելու կարգ մշակել: Դա, ըստ Հարությունյանի, 44-օրյա պատերազմից հետո ռազմավարական ու անվտանգային նոր խնդիրների առաջ կանգնած Արցախին հնարավորություն կտա իրականացնել ավելի արդյունավետ կառավարում:
Նույն հանձնաժողովի անդամ, Արցախի ԱԺ «Դաշնակցության» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշեց, որ Ադրբեջանի սադրանքների պատճառով գործող սահմանադրական կարգը խնդիր է դարձել:
«Պատերազմը ցույց տվեց, որ գործող համակարգը ունի ահագին թերություններ, և նոր մոդելին անցնելու շրջանակներում, ես չմանրամասնեմ, բայց կան ահագին խնդիրներ, որոնք իրենց լուծումը կստանան»,-ասաց Մոսիյանը՝ շեշտելով, որ փոփոխությունն այս պահին անհրաժեշտություն է Արցախի համար:
ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության գլխավոր քարտուղար Մետաքսե Հակոբյանն էլ ArmDaily.am-ին ասաց, որ սահմանադրական բարեփոխման անհրաժեշտության մասին առաջինը խոսել է իրենց կուսակցությունը:
«Պատերազմից հետո պարզ երևաց, որ Արցախի Սահմանադրությունը ճգնաժամային չի:Մեր երկիրն այնպիսի երկիր է, որ սահմանադրությունը բոլոր իրավիճակների համար բոլոր ելքերը պիտի ունենա և սկսեցինք պահանջել, որ նման գործընթաց սկսվի: Այսինքն՝ սահմանադրության հայեցակարգ մշակվի, սկսվի գրվել նոր սահմանադրություն:Որորվհետև մեզ մոտ, փաստորեն, սուպերնախագահական համակարգ է,նույնիսկ սուպերնախագահական չի, ինքը անհասականալի համակարգ է, չես կարող ասել ինչ տեսակ է»,-ասաց Հակոբյանը:
Արցախցի պատգամավորը հավելեց, որ հանձնաժողովը շուտով կավարտի աշխատանքները, ինչից հետո կգրվի սահմանադրությունը և կդրվի հանրային քննարկման:
Հայկա Ալոյան