Հայաստանը հայտնվել է ֆուտբոլի գնդակի դերում.քաղաքագետը՝ Փաշինյան-Ալիև-Միշել առաջիկա հանդիպման մասին
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպումը կկայանա մայիսի 22-ին՝ Բրյուսելում, այս մասին երեկ հաղորդագրություն տարածեց վարչապետի աշխատակազմը։
ArmDaily.am-ը քաղաքագետ Երվանդ Բոզոյանից հետաքրքրվեց՝ ռուսական և արևմտյան կողմի հետ միմյանց հաջորդող հանդիպումները խոսո՞ւմ են արդյոք Հայաստանի հակակշռված քաղաքականության մասին։ Այդ հանդիպումները, ըստ Բոզոյանի, Ռուսաստան-Արևմուտք մրցակցության հետևանքն են։ «Ոչ թե Հայաստանն է փորձում հակակշռել, այլ Հայաստանն այսօր ֆուտբոլի գնդակի դերում է հայտնվել, որովհետև Ռուսաստանի և Արևմուտքի միջև գնում է մրցակցություն, թե ով պետք է իրականացնի Հայաստան- Ադրբեջան խաղաղեցման գործընթացը։ Ով խաղաղեցնի՝ նա էլ կունենա ազդեցության գոտի այս տարածաշրջանում։ Հասկանալի է, որ այսօրվա Ռուսաստան-Արևմուտք հակամարտության մեջ իրենց պայքարը գնում է շատ ավելի կատաղի, քան նախկինում կար։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը վախենում են հակադարձել թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին։ Եթե նախկինում,այսպես ասած, այդ մրցակցությունն ընթանում էր Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, ապա քանի որ այսօր Մինսկի խումբ այլևս գոյություն չունի, և այդ պատերազմն արդեն իր մեջ բացահայտ բան է կրում ու ,ըստ էության, չկա միասնական հարթակ, ապա առանձին վերցրած Ռուսաստանը փորձում է այս խնդիրմ իր հարթակ տանել, Արևմուտքը՝ իր»,-նշեց Բոզոյանը։
Վերջինի խոսքով՝ Ալիևը Ռուսաստանի հետ հարաբերություններում փորձում է առավելագույն դիվիդենտներ պոկել իր համար՝ նույն մոտեցումը որդեգրելով նաև Արևմուտքի հետ շփումներում։ «Հայաստանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտվել է, և որ մենք ունենք բացարձակ տգետ իշխանություն, որը փորձ չունի դիվանագիտական ճակատում, որը մերժեց նախկինում փորձ ունեցող մարդկանց և նորովի մտավ այս հարթակ՝ բոբիկ ու չհասկանալով, թե հերթականությունը որն է՝ հայտնվել է ոչ բարենպաստ վիճակում։ Ըստ էության, իրենք հայտնվելով ֆուտբոլի գնդակի դերում՝ փաստացի կարելի է ասել, որ մե՛կ Ռուսաստանին են փորձում դուր գալ, մե՛կ Արևմուտքին են փորձում դուր գալ և վախենում են որևէ մեկին որևէ բան հակադարձել։ Կարող են ինչ-որ հակադարձումներ լինել, բայց երկրորդական-երրորդական հարցերում»,-ասաց Բոզոյանը։
Անդրադառնալով մայիսի 22-ի եռակողմ հանդիպման ակնկալիքներին՝ քաղաքագետը նշեց, որ հասարակության շրջանում բացասական սպասումները նորմալ են, քանի որ այս իշխանությունից միայն բացասական իրողությունների է ականատես եղել։ Բոզոյանը կարծում է՝ այդ հանդիպումները վերջնական արդյունքի դեռևս չեն հանգեցնելու։ «Կողմերը վերջին քայլը կատարելուց կվախենան, որովհետև ցանկացած քայլ Բրյուսելում կամ Մոսկվայում մյուս կողմի խիստ բացասական է ընկալմանը կհանդիպի։ Կարծում եմ՝ Փաշինյանը կվախենա ինչ-որ քայլ անել, որովհետև ցանկացած առարկայական քայլ իր համար կարող է դառնալ, այսպես ասած, քաղաքական իմաստով վերջը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը հաղթող կողմն է և ունի լուրջ գործընկեր ի դեմ Թուրքիայի, և Թուրքիան ինքը մեծ ջանքերով աջակցում է Ադրբեջանին, ապա ես կարծում եմ՝ օգտվելով այս հանգամանքներից փորձում է թե՛ ռուսներից, թե՛ արևմուտքից մաքսիմալ օգուտ քաղել։ Ըստ էության, երկուսի հետ խաղալով փորձում է հասկանալ՝ ումից մաքսիմալ օգուտ ունենալ»,-եզրափակեց Բոզոյանը։
Հայկա Ալոյան