Ինչո՞ւ «Դիմադրություն» շարժումը վաղը փողոցներ չի փակելու
Հասարակություն
Պայքարը շարունակվելու է ամբողջ թափով, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Խոսելով վաղվա անելիքների մասին, Սաղաթելյանն ասաց, որ ժամը 09։30 հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում․ տարբեր աշխատանքներ ունեն անելու։ Սաղաթելյանը նաև նշեց, որ վաղը անհնազանդության այլ ակցիաներ ևս կլինեն։
«Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր։ Տարբեր պատճառներից ելնելով՝ դետալները չեմ հրապարկում։ Այո, լինելու են նաև անհնազանդության ակցիաներ։ Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի դառնա, կան միջոցառումներ, որտեղ ժողովրդի ձայնը լսելի պետք է դառնան։ Ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 19։00-ն, իսկ 19։00 հրավիրում ենք հանրահավաք»,- նշեց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցին, որի շրջանակում պետք է տեղի ունենա եռակողմն հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նա նշեց, որ «Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված այդ վեց առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն, հետևաբար, Նիկոլի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ոչ լեգիտիմ է և առոչինչ։
«Մենք հստակ ասել ենք և արձանագրել, որ Նիկոլը չունի մանդատ՝ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կողմից որևէ բանակցություն վարելու»,- ասաց Սաղաթելյանը։