Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ խզել հարաբերությունները Պուտինի հետ
Միջազգային խճանկար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։
«Մենք հավասարակշռված քաղաքականություն ենք վարում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ հարաբերություններում: Ես մտադրություն չունեմ խզելու հարաբերությունները ո՛չ պարոն Պուտինի, ո՛չ էլ Զելենսկու հետ»,- ասել է Էրդողանը Անկարայում թուրք երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։
Էրդողանը հիշեցրել է, որ ռուս և ուկրաինացի գործընկերների հետ բանակցությունների է ուղարկել նաև իր պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինին։
«Մենք այս ամենը կշարունակենք անել առաջիկայում, քանի որ նոր համաշխարհային պատերազմի սանձազերծումը օգուտ չի բերի ոչ մեր տարածաշրջանին, ոչ աշխարհին: Մենք տարբեր հարաբերություններ ունենք երկու կողմերի հետ։ Այսօր մենք համատեղ քայլ ենք անում Ռուսաստանի հետ միջուկային էներգետիկայում: Հուսով եմ, որ հաջորդ տարի մենք կավարտենք Ակկույու ԱԷԿ-ի կառուցումն ու շահագործման հանձնումը, մեզ համար սա շատ լուրջ ռեսուրս է»,-ասել է նա: