«Մարդ ա վատացել». ֆեյսբուքը բուռն քննարկում է Ագնեսա Խամոյանի վրա ջուր լցնող լրագրողին
Սոցցանցերի քրոնիկոն
Այսօր միջադեպ է տեղի ունեցել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի և «Արարատնյուզ» լրատվական կայքի լրագրող Նանե (Նարինե) Իսրայելյանի միջև։
Ինչպես երևում է պատգամավորի էջում հրապարակված տեսանյութից՝ Խամոյանի հետ հարցազրույցի ընթացքում ինչ-որ բան այնպես չի գնացել. երբ պատգամավորը լրագրողին ջուր է առաջարկում՝ Նանե Իսրայելյանը ջրի շիշը վերցնում է, և ջուրը լցնում Ագնեսա Խամոյանի վրա։
Միջադեպի վերաբերյալ Խամոյանը Ֆեյսբուքի իր էջում ևս երկու տեսանյութ է հրապարակել։ Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է պատգամավորը ջուր առաջարկում լրագրողին, սակայն վերջինն ասում է, որ ինքը միայն «Սիլ» է խմում։
Միջադեպին անդրադարձել է նաև Նանե Իսրայելյանը՝ Ֆեյսբուքի իր էջում գրելով. «Էսօր ընդդիմադիրների վերնախավը ինձ սպառնում էր, որ արդեն ինքնակամ ներկայանամ բաժին, այսինքն՝ սպասի գանք ոնց ենք հերդ անիծելու։ Սպասում եմ գաք, քանի որ սպասելով եմ մնալու, խորհուրդ կտամ անձնական դաշտ չանցնեք, թե չէ սպասելու ընթացքում մի բաժակ սուրճի շուրջ մի տեսարան եմ վայելելու՝ ոնց եք ինքնակամ ձեր սեփական անձնականից փախչում ու ոչ մի տեղ չհասնողի դերում`մնալու եք հանրության մեջտեղում կարմրած կանգնած»։
Այս միջադեպը նաև քննարկումների առարկա դարձավ ֆեյսբուքահայության շրջանում։ Ստորև ներկայացնում ենք մի քանի գրառումներ։