Կառավարությունը 2022-ի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրեց 5.6 միլիարդ դրամ
Հասարակություն
ՀՀ կառավարությունը 2022-ի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրել է 5.6 միլիարդ դրամ: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ՀՀ 25 համայնքներում օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 29 ծրագիր, որոնցից 26-ը քննարկվել և հաստատվել է 2021-ին, իսկ 3-ը՝ 2020-ին:
«Խոսքը 790 միլիոն դրամի մասին է: Բոլոր ծրագրերն ավարտված են: Մենք, այս գումարը հատկացնելով,կապալառու կազմակերպությունների նկատմամբ կառավարության պարտավորությունը համամասնության առումով կկիրառենք»,-ասաց նախարար Սանոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ սուբվենցիոն փաթեթները կառավարությունը փուլային տարբերակով է ֆինանսավորում և թվարկեց այն ծրագրերը, որոնք արդեն ավարտվել են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում:
Որոշման նախագծով առաջարկվում է 2022-ի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 790,165.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: