«Պահանջների հիմնական մասը բավարարված է». Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց ոստիկանապետի հետ հանդիպումից
Հասարակություն
Քիչ առաջ ավարտվեց Դիմադրություն շարժման ներկայացուցիչների հանդիպումը ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։ Ինչպես արդեն հայտնել էինք, շարժման մասնակիցները քայլերթով գնացել էին ոստիկանության շենքի մոտ, որտեղ էլ որոշել էին անձամբ նրան ներկայացնել իրենց պահանջները:
Ոստիկանության կենտրոնական շենքից դուրս գալուց հետո ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ ներկայացրեց հանդիպումից։ Նա նշեց, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանին և ոստիկանության մյուս բարձրաստիճան ծառայողներին ներկայացրել են «Դիմադրություն» շարժման պահանջները։
Ի պատասխան շարժման առաջին պահանջի, որ այս օրերին ցուցարարների և պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների գործունեությունը պետք է կասեցվի և նրանք քրեական պատասխանատվության ենթարկվեն, ոստիկանապետն ասել է, որ այս պահին կասեցված է ոստիկանական մեկ ծառայողի գործունեությունը, իսկ 37 ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել են մեկ տասնյակից ավելի քրեական գործեր։
«Իսկ այսօրվա դեպքերով տեղի են ունենում ուսումնասիրություններ, և ոստիկանությունը շատ կարճ ժամկետում հանդես կգա հայտարարությամբ՝ կոնկրետ դեպքերով։ Գիտեք, որ այս ընթացքում ավտոերթերի ժամանակ ապօրինաբար 80 ավելի մեքենա է բռնագրավվել, պայմանավորվել ենք, որ այդ մեքենաները վերադարձվեն մեր հայրենակիցներին»,– հայտարարեց Սաղաթելյանը։
Սաղաթելյանն ընդգծեց, որ իրենց ներկայացրած պահանջների հիմնական մասը բավարարված է։
Նշենք, որ շարժման մասնակիցները քայլերթով վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ։