Նարեկ Մանթաշյանը, շաքարից բացի, ունի նաև երիկամների հետ կապված խնդիր. պաշտպանը մանրամասներ է հայտնում նրա վիճակից
Իրավական
«Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը ավելի բարդացել է, ArmDaily.am-ին հայտնեց Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ Մանթաշյանը ՔԿՀ-ում վատացել է, շաքարը 27 է բարձրացել, կիսակոմային վիճակով տարել են Էրեբունու հիվանդանոց։
Ինչպես մեզ հայտնեց Կոչուբաևը՝ ինսուլինի ներարկումից հետո շաքարի տոկոսը ոչ թե իջնել է, այլ բարձրացել։
«Բուժումը, մեղմ ասած, իր սրտով չէր, պատշաճ չէր կազմակերպվում, հսկողությունն էլ շատ էր նմանվում հոգեբանական տեռորի, որովհետև 6 հոգով մի սենյակում հսկում էին։ Նման միջավայրում չմնալու համար Նարեկ Մանթաշյանը դիմում է գրել և հետ է վերադարձել ՔԿՀ։ Հիմա իր վիճակը շարունակում է բարդ մնալ, ընդ որում՝ իրեն նշանակում են, օրինակ, դիետա, բայց նշանակման մեջ չկա, թե ինչ է մտնում այդ դիետայի մեջ, ինչ սնունդ պետք է ընդունի։ Խիստ մակերեսային, խիստ մատների արանքով բուժում էր։ Այդ ամեն ինչը շատ նյարդայնացրել էր Նարեկ Մանթաշյանին»,- ասաց պաշտպանը։
Նա հայտնեց, որ վաղը՝ ժամը 16։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի դատարանում տեղի է ունենալու Մանթաշյանի գործով դատ, որի ընթացքում պաշտպանները ներկայացնելու են խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու միջնորդություն։
Հարցին՝ արդյոք դատարանը հաշվի կառնի՞ ստեղծված հանգամանքները, Կոչուբաևը պատասխանեց. «Ուզի-չուզի պետք է հաշվի առնի, որովհետև շաքարը ծայրահեղ բարձր է՝ կոմայի աստիճանին մոտ։ Հիմա նշանակվել է դիետա, իսկ ՔԿՀ-ում էլ ուտում ես այն, ինչ տալիս են։ Եթե ուզում ես քո նախընտրած ձևով սնվել, ապա պետք է դիմես արտաքին աշխարհին։ Այսինքն՝ այսպիսի բազմաթիվ խնդիրներ կան։ Նախկինում մենք միջնորդություններ ներկայացրել էինք հենց այս վիճակը կանխելու համար, որ շաքարային դիաբետի հետ կապված խնդիր ունի Նարեկ Մանթաշյանը, շատ բարձր է։ Բայց այդ ամեն ինչը անտեսվեց, արհամարհվեց։ Բժշկի հստակ ցուցումներ կային՝ մաքուր օդ, դիետիկ սնունդ, ինչպես նաև փոքր խցում գտնվելով թթվածնային քաղց։ Այս ամենը չպահպանվեց, և շաքարից բացի Մանթաշյանը ունի նաև երիկամների հետ կապված խնդիր, նրա մեզում ացետոն կա»։
Կոչուբաևի խոսքով՝ չնայած այս ամենին, Մանթաշյանը չի հանձնվում։
Ինչ վերաբերում է Նարեկ Մանթաշյանի դեմ հարուցված գործին՝ Կոչուբաևը նշեց, որ իր պաշտպանյալն ակնհայտ քաղաքական դրդապատճառաներով է հիմա կալանքի տակ։