Կպառկացնենք հեսա արա. հարվածներ, սպառնալիքներ ու քուչի բազար. ի՞նչ է կատարվել Սաղաթելյանի հետ Կենտրոնի բաժնում
Հասարակություն
«Կուլտուրական, առանց անհամաչափ ուժ կիրառելու Պուշկին-Կողբացի խաչմերուկից կարմիր բերետավորները բերեցին ինձ Կենտրոնի ոստիկանություն, որի վերաբերյալ չունեմ որևէ դժգոհություն»,-ArmDaily.am-ին պատմեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը։
Ավելի վաղ նա իր ֆեյսբուքի իր էջում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են իրեն բերման ենթարկում։
Սաղաթելյանը մեզ հայտնեց, որ իրեն բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով, սակայն որևէ օրինական պահանջ ոստիկանության ծառայողի կողմից չի եղել։
«Կարող ենք ընդունել, որ շփոթմունք է եղել, բայց դա կատաստրոֆիկ չի։ Կատաստորֆիկ է այն, ինչ կատարվել է ոստիկանական բաժանմունքում։ Ես նստած եմ այդ քննիչի սենյակում, վերցրեցին իմ տվյալները և ժամից ավել սպասում եմ։ Սենյակ է մտնում քաղաքացիական շորերով ինչ-որ անձ և ասում է՝ ոտդ ոտիդ մի՛ դիր։ Ես էլ ասում եմ՝ ընկեր, դա ի՞նչ օրինական պահանջ է, ես դնում եմ։ Իմ այդ խոսքից հետո գալիս են 5 հոգի, որից առնվազն 4-ը քաղաքացիական շորով էին, առանց որևէ իդենտիֆիկացիոն իրի, սկսում են ինձ բրդբրդել, խփել, արայախառը լեքսիկոնով ինձ հետ խոսել, ճնշումներ ու սպառնալիքներ հնչեցնել՝ դու չես նստում, կպառկեցնենք հեսա և այլն։ Ես իրենց փորձում եմ հակադարձել, մինչև մեկի հետ եմ խոսում, մյուսն է այս կողմից բզում, ինչ-որ բաներ խոսում։ Չեմ կարող ասել, որ ինչ-որ ուժեղ են հարվածել, բայց տեղի է ունեցել ֆիզիկական գործողություն իմ հանդեպ, հարվածներ են եղել մարմնիս։ Ես ողջ ընթացքում ասել եմ իրենց, որ ներկայանան, որովհետև ես վստահ չեմ, որ իրենք ոստիկաններ են։ Նույն հաջողությամբ նրանք կարող են լինել Գռզոյի ախրաննիկները կամ ինչ-որ ուրիշ շահագրգռված անձինք, ովքեր այստեղ են ցուցարարներին կամ Նիկոլի ընդդիմադիրրներին ճնշելու համար»,- պատմեց Վազգեն Սաղաթելյանը։
Այս միջադեպից ընթացքում գալիս է ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեականի պետը և Սաղաթելյանին ուղեկցում իր աշխատասենյակ՝ բացատրական աշխատանքներ իրականացնելու։
«Աշխատասենյակում ինձ սկսում է երկար բացատրել, որ միգուցե իմ ոչ հարիր պահվածքի արդյունք էր դա։ Ես իրեն բացատրում եմ, որ եթե նույնիսկ այդպիսի բան կա, չնայած դա էսթետիկայի ու էթիկայի մասին իրենց ընկալումներն են բացառապես, թե ես ոնց պետք է նստեմ, ամեն դեպքում, իմ ընկալան մեջ՝ օրենքի երկրում դրան պետք է հետևի օրինական գործողություն։ Միգուցե, ես չեմ կարող ասել, բայց կարող են աթոռը վերցնել և ես կանգնեմ, գուցե չհավանեն, թե ես ոնց եմ կանգնում ու տեղափոխեն ինձ մեկ այլ վայր, բայց 5 հոգով վրա տալ, խփել, արա լեքսիկոնով քուչի բազառի պես ինչ-որ բաներ խոսել ու սպառնալիքներ հնչեցնել, վստահաբար, օրենքի երկրում չպետք է նման բան լինի»,- ասաց Սաղաթելյանը։
Նա պահանջել է իրեն տրամադրել քաղաքացիական հագուստով անձանց տվյալները, Կենտրոնի բաժնի քրեականի պետը խոստացել է դա անել։ Մեր զրույցի պահին Սաղաթելյանը սպասում էր, թե երբ են իրեն տրամադրելու այդ տվյալները։