Պիտի որ արդեն ազատ արձակված լինի. Բաբայանը՝ Վանեցյանի որդու մասին
Քաղաքական
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Արթուր Վանեցյանի որդուն՝ Արտյոմ Վանեցյանին բերման են ենթարկել Արտաշատի ոստիկանության բաժանմունք։ «Արտյոմ Վանեցյանն Արտաշատի բաժնում է, բայց արդեն պիտի որ ազատ արձակված լինի, որովհետև 3 ժամն արդեն լրացել է»,-ասաց Բաբյանը։
Նա նաև նշեց, որ կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանին ապօրինի ձերբակալել են։ Այս պահի դրությամբ բերման ենթարկված «Հայրենիք» կուսակցության անդամների թիվը բավականին մեծ է։ «Այս պահին, օրինակ, Աբովյանի ոստիկանության բաժնից 24 հոգի դուրս եկան, Շենգավիթում ունենք 7-8 հոգի, Արտաշատում ունենք բերման ենթարկվածներ»,-ասաց Արսեն Բաբայանը։
Կապ հաստատեցինք նաև «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ Արտաշատի ոստիկանության բաժնից հենց նոր է դուրս եկել։ Հակոբյանն ասաց՝ իրենց ապօրինի կերպով բերման են ենթարկել Շառլ Ազնավուրի հրապարակից, երբ ոստիկանության պահանջին հետևելով տեղափոխվել են մայթ։ «Բռնություն կոնկրետ բոլորի հանդեպ կիրառվել է, բոլոր տեսակի հնարքներով։ Մի մասին պարտադրելով, մյուս մասին գետնին քարշ տալով, բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել»,- ասաց Հակոբյանը։ Նա նշեց, որ Արտաշատի բաժնում «Հայրենիք» կուսակցության մոտ 19-20 անդամ էին բերման ենթարկվել։
Հայկա Ալոյան