Հայ-թուրքական հարաբերություններն այստեղ ուղղակի ֆոն են.Մելքոնյանը՝ Բլինքեն-Չավուշօղլու՝ այսօր կայանալիք հանդիպման մասին
Քաղաքական
Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարն այսօր Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը կքննարկեն երկու երկրների միջև տարաձայնությունների լուծման տարբերակները։ Մևլութ Չավուշօղլուն և Էնթոնի Բլինքենը կանդրադառնան նաև հայ-թուրքական հարաբերություններին։ ArmDaily.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այսօրվա հանդիպման ակնկալիքների վերաբերյալ ասաց, որ ԱՄՆ-ն միշտ էլ հանդես է եկել հայ-թուրքական պրոցեսներում որպես միջնորդ կամ ողջունող։ «Եթե հիշենք, նույնիսկ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ հենց ինքը՝ Հիլարի Քլինթոնը Ցյուրիխում մասնակցում էր արձանագրությունների ստորագրմանը։ Եթե նայենք հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը, տարբեր նախագահներ, պետքարտուղարներ այս հարցով զբաղվել են, ունեն հայտարարություններ և այլն, և այլն։ Բնական է, որ պետք է ԱՄՆ-ն ողջուներ և Ռուսաստանը նույնպես ողջունել է, և որևէ երկիր չի կարող չողջունել երկու երկրների միջև հարաբերությունների հաստատումը։ Սա առաջին, եթե կարելի է ասել Միացյալ նահանգների տրադիցիոն մասնակցությունը այս պրոցեսին։Բայց երկրորդ հանգամանքն իմ կարծիքով ավելի կարևոր է և քաղաքական պրոցեսները հենց այդտեղ են ավելի շատ մեկտեղված»,-ասաց Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ընթացող պայքար ընթանում է նաև տարբեր տարածաշրջաններից մեկը մյուսին դուրս մղելու ծիրում, և հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը քաղաքագիտական գնահատականներով էականորեն նվազեցնում է Ռուսաստանի դերակատարումը այս տարածաշրջանում։ «Եվ պարզ է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների ծիրում անպայմանորեն ԱՄՆ-ի նպատակների մեջ է Ռուսաստանի դերակատարման նվազեցումը՝ այս պարագայում արդեն Հարավային Կովկասում։ Եվ կարծում եմ, որ այսօրվա հանդիպմանը, նախորդ հանդիպումներինմ թուրք-ամերիկյան հաջորդող հանդիպումներին անպայմանորեն ամերիկյան այս քաղաքական գիծը բացահայտ կամ քողարկված դրսևորվելու է, իսկ Ռուսաստանն էլ իր հերթին փորձելու է,նպաստելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, պահպանել իր դիրքերն այս տարածաշրջանում։ Եթե ավելի կոպիտ ասեմ՝ սա այլ խաղ է, մեր խաղը չէ, գլոբալ խաղ է՝ թուրք-ռուսական, ռուս-ամերիկյան։ Հայկական հանգամանքը կամ հայ-թուրքական հարաբերություններն այստեղ ուղղակի ֆոնն են այդ մեծ քաղաքական պրոցեսների»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարների հանդիպման հիմնական առանցքը լինելու է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը Թուրքիայի հակազդմանն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ ճշգրտումը։ «Իրականում առաջնահերթ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը չի, առաջնահերթն այն է, թե այդ հարաբերությունները ո՞ր երկրի նախաձեռնությամբ պիտի նորմալանան՝ Ռուսաստանի՞, թե՞ Միացյալ Նահանգների։ Նախաձեռնությունը աստիճանաբար անցնում է Միացյալ Նահանգներին՝ հատկապես դա ակնհայտ դարձավ մեր արտգործնախարար Արարատ Միրզոյանի Վաշինգտոն այցից հետո, որտեղ շատ ջերմ ընդունելության էր արժանացել»,-ասաց Չաքրյանը։
Հայկա Ալոյան