Իշխանության ղեկին կանգնածները նյարդային շարժումներ են անում. իրավապաշտպանը՝ բերման ենթարկվածների ռեկորդային թվի մասին
Իրավական
Ոստիկանությունն այսօր անհնազանդության խաղաղ ակցիաներից բերման է ենթարկել ռեկորդային թվով՝ ավելի քան 400 մարդու։
ArmDaily.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նշեց, որ ցույցերը սկսելուն պես ասել էր՝ ուժայինների գործողություններն անընդունելի են իր համար։ «2018 թվականի փորձը հաշվի առնելով՝ բազմաթիվ հավաստիացումներ եղան, որ ոստիկանությունն այլևս այն չէ, ինչ եղել է մինչև այժմ և այլն։ Բայց այսօր բերման ենթարկվածների աննախադեպ ծավալը ցույց է տալիս, որ ոստիկանությունը որքան էլ բարձրաձայնի, որ բարեփոխումներ է անում, որքան էլ նորովի է փորձում աշխատել, օգտագործում է հին գործիքները և հիմնական նպատակը իշխանության ղեկին կանգնածների իշխանությունը պահպանելն է։ Ոստիկանության ամբողջ գործառույթը այդ ակցիաների անխափանությունն ապահովելու մեջ է, ոչ թե այդ միջոցառումները ցրելու, բիրտ միջոցներով միջամտելու և խափանելու»,-ասաց Հովհաննիսյանը։
Իրավապաշտպանանի խոսքով՝ ոստիկանությունն իր գործառույթը չի կատարում, այլ գնալով մեծացնում է վերևից իջած հրահանգների ծավալների կատարումը։ «Մենք տեսնում ենք, որ իշխանության ղեկին կանգնածներն ավելի նյարդային շարժումներ են անում՝ոստիկանների գործողությունների տեսքով»,-եզրափակեց Զառա Հովհաննիսյանը։
Կապ հաստատեցինք նաև Ազգային Ժողովի Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահի հետ։ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ չի կարող ոստիկանության գործողությունները գնահատել հանրային ընկալման տեսանկյունից։ «Ոստիկանության գործողությունները յուրաքանչյուրս պետք է գնահատի օրենքի կիրառման տեսանկյունից։ Ոստիկանությունն օրենքով նախատեսված պարտականությունները իրականացնում է»,-եզրափակեց Վարդանյանը։
Հայկա Ալոյան