Իշխանությունը դիմում է նման գործողությունների, երբ հասկանում է, որ հողը ոտքերի տակից գնում է.Մանուկյանի արձագանքը Սիմոնյանին
Քաղաքական
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին, հայտարարել է. «Արդեն 15 օր է Իշխան Սաղաթելյանն ասում է՝ մնացել է 15 օր, հետո ասում է՝ 2 ժամ, 2 օր, ներեցեք, բայց իրենք էլ իրենց արածին արդեն լուրջ չեն վերաբերվում։ Ակնհայտ է, որ Հայաստանի ժողովրդին իրենք առաջարկ չունեն, ժողովուրդը իրենց սատար չի կանգնելու։ Իրենց նպատակն այն է, որ մենք հիմա սխալ քայլ անենք, «Մարտի 1» անենք, իրենց երազանքն է, որ ձերբակալեն իրենց, որպեսզի դուրս գան այս տուպիկից։ Ինչքան կարելի է մեր արածը կրկնել։ Մենք ընդդիմադիր գործիչ ենք եղել ու մեզ, երբ տանում են ընդդիմադիր դաշտ, պարտվելու են։ Նիկոլ Փաշինյանին հենց բրդես ընդդիմադիր դաշտ, դու չես կարողանալու իր հետ մրցես»։
ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ գործիքակազմից այսօր խոսողների մեծ մասը երբ մանկապարտեզ էին գնում՝ ինքն ու իր նման շատ զինակիցներ 1990-ականների առաջին տարիներից սկսած պայքարել են նույն հարցերի շուրջ։ «Պայքարել ենք երկրում բռնատիրության դեմ և շարունակում ենք պայքարել։ Մի հարցում կարելի է առնվազն արձանագրել՝ ընդդիմությունն, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, հայրենիքը չի ուրացել, Արցախը չի կորցրել, հայրենի սահմանները թշնամուն չի հանձնել և հազարավոր զոհեր մեր երկրին չի բերել՝ իրենց անգիտակից, ապաշնորհ և դավադիր քաղաքականության արդյունքում»,-ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով հարցին, թե հաջողվե՞ց այսօր ընդդիմությանը, ինչպես հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը, նոր թափ հաղորդել շարժմանը, Մանուկյանն ասաց.«այս օրերի գործողությունների լավագույն վկայությունն իշխանության՝ այլևս սահման չճանաչող վախն է, որի արդյունքը անհավատալի թվով բերման ենթարկվածներն են, մարդկանց առևանգումներն են, պատգամավորի առևանգումն է։ Դա խոսում է մեկ բանի մասին՝ քաղաքական փորձառություն, քաղաքական պայքարի փորձառություն ունեցող մարդիկ շատ լավ կհիշեն, որ նման գործողությունների իշխանությունը դիմում է, երբ հասկանում է, որ հողը ոտքերի տակից գնում է»,-ասաց Մանուկյանը։
Հայկա Ալոյան