«Ոչ ռաբիսը միայն ի՞նքն է».Լուիզա Սարգսյանն արձագանքում է Քրիստոսի արձանի վերաբերյալ Թոքմաջյանի քննադատությանը
Մշակույթ
Հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում բողոքել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթի կազմակերպման ընթացքից ու հայտարարել, թե մրցույթ չի էլ եղել և նախօրոք որոշված էր՝ ով է հաղթելու։
«Ավանդական ռաբիս արձանիկ է, այնտեղ Քրիստոս չկա։ Ես վրդովված եմ, բոլոր այդ հանրային քննարկումներն ու ժյուրիի որոշումները կեղծված են եղել»,- նշել է Թոքմաջյանը։
ArmDaily.am-ի հետ զրույցում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հանձնախմբի անդամ Լուիզա Սարգսյանը վստահեցրեց, որ հակառակ Թոքմաջյանի կարծիքի՝ մրցույթն ընթացել է շատ օբյեկտիվ պայմաններում։
«Ինքը հենց ականատես է եղել և ներկա է եղել դրան։ Ինքը նույնիսկ շատ ուշացումով հայտ ներկայացրեց, որ կուզեր մասնակցեր մրցույթին, և ժամկետները երկարացվեցին, որպեսզի ինքն էլ կարողանա իր աշխատանքը ներկայացնել։ Հանձնաժողովը աշխատել է լրիվ օբյեկտիվ կերպով։ Մենք մեր վերջին գնահատականները նույնիսկ մեկս մյուսի մոտ չենք հնչեցրել, գաղտնի գնահատել ենք, ինչպես նաև բոլորդ ականատես եք եղել նրան, որ հանրությունը նույնպես SMS քվեարկություն արեց, փակ ծրարները մենք բացել ենք։ Չեմ կարողանում հասկանալ՝ որն է պարոն Թոքմաջյանի դգոհության պատճառը»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է արձանի մասին որակումներին՝ հանձնախմբի անդամը նշեց, որ մեկ անգամ քննարկում է ունեցել Թոքմաջյանի հետ անհատական կարծիքների վերաբերյալ։
«Դա իր կարծիքն է, բայց նաև իր աշխատանքն էր դրված այն աշխատանքների մեջ, որոնք ենթակա էին քվեարկության։ Հիմա կարելի՞ է...և՛ հանրության կարծիքով, և՛ հանձնաժողովի կարծիքով այդ արձանն ամենաշատ միավորն է հավաքել։ Հիմա ոնց է ստացվում՝ միայն ոչ ռաբիսը ի՞նքն է»,- ասաց Լուիզա Սարգսյանը։
Արձանի կառուցման երկրորդ փուլից՝ տեղանքի ընտրությունից հետո, նախատեսվում է մեծ նախագծի պատրաստություն, թե ինչպիսին պիտի լինի տեղանքն ու ինչ գաղափար կրի։ Դրանից զատ, կա նաև կոմունիկացիաների հարց՝ ճանապարհ, կանաչապատման աշխատանքներ, լուսավորում և այլն։ Հարցին՝ արդեն կա՞ն ընտրված տեղանքներ, որոնք համապատասխանում են արձանի կառուցման աշխատանքները սկսելու համար, Լուիզա Սարգսյանը պատասխանեց. «Տեղանքի ընտրությունը, պարոն Ծառուկյանն ասել է՝ կառաջադրվի մի քանի տեղ։ Միգուցե, նաև էլի քվեարկության դրվի։ Դեռ պարզ չէ, բայց շատ շուտով կսկսվի երկրորդ փուլը։ ԿԳՄՍՆ-ից մեզ ասել են, որ տեղանքը պետք է լինի այնպիսին, որ իրենից չներկայացնի պատմամշակութային որևէ վայր։ Մնացածն արդեն կտեսնենք՝ դեռ պետք է որոշվի՝ տվյալ արձանին ինչ պատվանդան պետք է լինի և ըստ պատվանդանը հարմարեցնելուն պետք է ընտրվի տեղանքը»։
Լուիզա Սարգսյանի խոսքով՝ կան տարբեր բարձունքների տարբերակներ, բայց կոնկրետ որևէ տեղանք որոշված չէ։