Ավետիք Չալաբյանի դեպքում գործ ունենք պատվերի հետ. Նաիրի Հոխիկյան
Քաղաքական
«5165 շարժում» նախաձեռնության համակիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացվեց: ArmDaily.am-ի հետ զրույցում Ազատագրական շարժման հիմնադիր անդամ, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն ասաց, որ իշխանությունները գործի են դրել ռեպրեսիաները և դա նորություն չի և այդ մասին խոսելով հեծանիվ չենք բացահայտի:
«Այս դեպքում, Ավետիք Չալաբյանի հետ կապված, ես կարծում եմ մենք գործ ունենք պատվերի հետ: հիմա այդ պատվերն իջեցվել է իշխանությունների կողմից, այլ անձանց կողմից, իջեցվել է իշխանության հետ կապ ունեցող մարդկանց կողմից՝ ես չեմ կարող ասել, որովհետև մենք այդ ձայնագրությունից տեսնում ենք, որ կոնկրետ այդ տղան՝ այդ ուսանողը, սադրում է ինքը: Ինքն է խոսք բացում փողի մասին, ինքն է ինչ-որ հարցեր տալիս: Ի դեպ՝ նույնպիսի ոճ էր, ինչ-որ մի քանի օր առաջ ինձ հետ էր: Զանգում են, խոսք են բացում, որ ես կարող է ընթացք տամ և ես շատ արագ, կոշտ ձևով փակում եմ այդ թեման՝ հասկանալով, որ սա սադրանք է»,-ասաց Հոխիկյանը:
Ազատագրական շարժման հիմնադիր անդամն ասաց, որ չի կարող ասել, թե կոնկրետ ով է դրա հետևում կանգնած՝ իշխանությունը, թե իշխանության հետ կապ ունեցող մարդ, թե ուղղակի Ավետիք Չալաբյանին չուզող մարդ՝ չի կարող ասել, սակայն, այդ ձայնագրության մեջ կա նաև Ավետիք Չալաբյանի ու այլ անձանց խոսքը:
«Հիմա արդեն ընթացքում Ավետիք Չալաբյանի փաստաբանները կտեսնենք՝ կկարողանա՞ն ապացուցել իր անմեղությունը, թե ոչ»,-ասաց Հոխիկյանը:
Հայկա Ալոյան