Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք
Հասարակություն
Այսօր Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք:
Միջոցառմանը մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 4000 մետր մրցատարածությունը:
Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել:
Հաղթող է ճանաչվել Սյունիքի թիմը, որին անձամբ պարգևատրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 2-րդ մրցանակային տեղը գրավել է Վայոց ձորի թիմը, 3-րդը՝ Լոռու թիմը:
Մրցաշարի պարգևատրման ֆոնդի համար նախատեսված է 14 մլն 715 հազար դրամ: Դրամական պարգևներ և այլ մրցանակներ են նախատեսված ինչպես հաղթող դպրոցների, այնպես էլ թիմում ընդգրկված աշակերտների և նրանց ուսուցիչների համար: Մասնավորապես, առաջին տեղ զբաղեցրած Սյունիքի թիմը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ:
Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ:
Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75 հազարական դրամ աշակերտների համար: