Արդեն էական չի, թե ում կնշանակեն, խնդիրը հակասահմանադրական օրենքի ընդունման մեջ է. Վանաձորի ավագանու անդամ
Արցախ եւ մարզեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Փելեշյանը դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ընտրական ցուցակը: Նա Վանաձորի համայնքապետի առաջին տեղակալն է եղել։ Արկադի Փելեշյանը քաղաքապետի թեկնածու էր նաև 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, առաջադրվել էր Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից։
Վանաձորում Ակա մականունով հայտնի Փելեշյանին 2016-ին մեղադրանք է առաջադրվել հոգեւոր հովիվ Ռ.Գրիգորյանին ծեծելու համար։
ArmDaily.am-ի հետ զրույցում Վանաձորի «Հայրենիք» կուսակցության ավագանու անդամ Վահե Դոխոյանը ասաց, որ այս նշանակումը ԱԺ-ում վերջերս ընդունած օրենքի հետևանքն է։
«Դա արդեն էական չի, թե ում կնաշանակեն, այստեղ անձի խնդիրը չէ։ Խնդիրը այդ օրենքի ընդունման մեջ է։ Այն հակասահմանադրական օրենք է»,- ասաց Դոխոյանը։
Իշխանության կողմից արդեն ընդունված պրակտիկա է դարձել ՏԻՄ ընտրություններում իրենց համար ոչ ընդունելի արդյունքների դեպքում ավագանու աշխատանքը պարալիզացնելը, համայնքում աշխատանքը կոլապսի մատնելը, ապա ավագանին լուծարելով նոր ընտրություններ անցկացնելը։ Նման նախադեպ մենք տեսանք Վեդիում, այսօր էլ հայտնի դարձավ Թալին համայնքում նոր ընտրություններ անցկացնելու որոշման մասին։ Թե որքանով է այս սցենարը հավանական Վանաձորում՝ Դոխոյանը նշեց. «Մեր երկրում այդպիսի խնդիրները շատ շատ են և այդ ամեն ինչի պատճառը երկրի ղեկավարն է ու նրա իշխանությունը։ Ամեն տեղ ինքը կորցնում է ժողովրդի վստահությունը և ստիպված դիմում է այդպիսի քայլերի։ Դրա համար բոլոր խնդիրների լուծումը ունի մեկ բանալի՝ այս իշխանություններին օր առաջ հեռացնելը»։
Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ մայիսի 6-ին ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում ընդամենը մեկ հարց էր՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Ընդունված նոր փոփոխությամբ, ըստ էության լուծվում է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի հարցը։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորը այն խնդրահարույց համայնք էր մնացել, որի ավագանին այդպես էլ նիստ չգումարեց։ Ընտրություններում հաղթած Մամիկոն Ասլանյանը կալանավորված է, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցով արգելանք է դրված ավագանու նիստ գումարելու վրա՝ մինչեւ հունիսի 20-ը։
Այս նոր փոփոխությամբ՝ արտակարգ իրավիճակների դեպքում համայնքի ղեկավար կարող է ընտրվել ավագանու անդամներից մեկը:
Օրինակ, եթե ինչ-ինչ պատճառներով համայնքն առանց ղեկավարի մնա, վարչապետը կկարողանա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, ով կկատարի իրեն վերապահված գործառույթներն ու պարտականությունները՝ մինչեւ համայնքի նոր ղեկավարի ընտրությունը։ Ընտրվելու իրավունքից կարող են օգտվել նաեւ ավագանու անդամները։