Սկզբունքայնության եւ օբյեկտիվության մասին
Խմբագրական
Հասարակական, քաղաքական բուռն գործընթացները հաճախ «պատճառ» են դառնում միմյանց բացահայտելու, որի արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն լինում։ Մասնավորապես, մարդը, ում համարել ես խիստ սկզբունքային եւ օբյեկտիվ, իսկույն եւեթ կերպարանափոխվում է, որովհետեւ խնդրո առարկան վերաբերում է իրեն, իր հարազատին, իր ընկերոջը։
Իհարկե, չկան սուպերսկզբունքային եւ սուպերօբյեկտիվ մարդիկ, մենք բոլորս հողեղեն ենք՝ մեր թերություններով եւ թուլություններով հանդերձ, եւ շատ հաճախ ինքներս էլ օբյեկտիվ չենք, անտեսում ենք սկզբունքները։
Բայց այն, ինչ վերաբերում է առաքելությանը, մասնագիտությանը, հանրային գործունեությանը, պետք է փորձել մաքսիմալ օբյեկտիվ լինել, վերջիվերջո, միթե մեր հասարակությանը նման մարդիկ պետք չե՞ն։ Մարդիկ, որոնք թեեւ քաղաքական նախընտրություններ ունեն, բայց չեն կարող անտեսել մասնագիտական սկզբունքները, իրողությունները, չեն կարող աչք փակել երեւույթների վրա, որոնք ցավալի են եւ սխալ։
Լրագրողը, հասարակական գործիչը, փորձագետը պետք է փորձի վեր գտնվել ամեն ինչից՝ որքան էլ դա դժվար է...։
Հիմա եթե անընդունելի եւ օրենքով արգելված է դատավորի՝ քաղաքական հավաքին մասնակցությունը, դա վերաբերում է բոլորին՝ եւ իշխանությանը, եւ ընդդիմությանը, եւ այդ մասին հավասարապես պետք է բարձրաձայնել՝ անկախ նրանից ինչ քաղաքական հայացքներ ունես։
Ինչքան էլ ցանկանանք, որ այսօր իշխանությունը հեռանա, ընդդիմադիր ուժերը գան իշխանության, միեւնույն է, պետք է մի պահ մտածել՝ ինչպես կարող է ընդդիմության հետ հավաքի մասնակցող անձը դատավոր աշխատել, ինչ արդարադատություն պետք է ակնկալի շարքային քաղաքացին նաեւ իշխանափոխությունից հետո, եթե իր գործը կապված լինի այսօր ընդդիմադիր, իսկ վաղը իշխող ուժի հետ...չէ՞որ այս ամեն ինչը մասնագետները հաշվի են առել, դրա համար են պետության եւ իրավունքի տեսության մեջ ամրագրել դատական համակարգի անկախության, ապաքաղաքականացված լինելու սկզբունքը, արդարադատություն պետք է լինի, եթե մենք ուզում ենք իրավական պետություն ունենալ...։
Շատերը կասեն՝ է, ինչի հետեւից եք ընկել, հայրենիք ենք կորցնում, պարզ է, հասկանալի է, անվիճարկելի է, բայց դա ամենեւին էլ կապ չունի աջուձախ Սահմանադրությունը ոտնատակ տալու հետ, կշարունակենք կորցնել հայրենիք, քանի դեռ մտածում ենք, թե օրենքները մեր դիմացինի համար են, ոչ մեզ համար։
Երկրորդ՝ որեւէ մեկին ոչ հաճելի լուրի հրապարակումից անմիջապես հետո սկսվում են խարդախավանքների, դավադրությունների տեսության ջատագովները, թե բա պատվեր է, Շուշիի ազատագրման օրը պատերազմի մասնակից դատավորի մասին ինչպես կարելի է լուր հրապարակել...ոչ ոք չի նսեմացնում դատավորի ավանդը, փառք եւ պատիվ նրան, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը, թե ապրիլյանի, թե 44օրյայի ժամանակ կամավորագրվել է, որպեսզի մեկնի Արցախ...այս ամենը խիստ գնահատելի է, բայց միթե այս ամենը պատճա՞ռ է, որպեսզի անտեսենք քաղաքական հավաքի հնարավոր մասնակցությունը...։
Եւ ինչպես կարձագանքեին նույն մարդիկ, եթե, օրինակ, նույն դատավորը մասնակցեր իշխանության հավաքին, նույն լուրը գրվեր նույն ձեւ նույն օրը...համենայն դեպս՝ քչերը կքննադատեին մեզ այնպես, ինչպես այսօր են քննադատում...։
Այո, դատավորը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, այո, լրագրողը ակցիայի մասնակից չէ, եթե մասնակից է, չպետք է լուսաբանի այդ ակցիան եւ իր մասնագիտական գործունեության ժամանակ անդրադառնա այդ ուժերին, այո, դատավորը, որը քաղաքական նախընտրություններ ունի, չի կարող արդարադատություն իրականացնել...մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ իշխանության համար հիմք է պետք դատավորներին պատժելու, գուցե այս նյութն էլ օգտագործվի այդ նպատակով, ինչպես բազմաթիվ նյութեր են օգտագործվել, բայց ուրեմն կարելի է ոչինչ չանել, աչք փակել ամեն ինչի վրա...։
Եւ չպետք է մոռանալ, որ մեր լրատվամիջոցը հետեւողականորեն անդրադառնում է դատավորների նկատմամբ քաղաքական իշխանության իրականացրած հետապնդումներին, լուսաբանում բոլոր վարույթները, անդրադառնում խնդրահարույց օրենսդրական փոփոխություններին, համակարգում առկա խնդիրներին, մտահոգություններին...եւ օբյեկտիվությունը հենց դա է՝ երբ կարող ես ամեն օր գրել իշխանության «սրտի» դատավորների, անընդունելի վարույթների, օրենքների ձեւախեղման մասին, միեւնույն ժամանակ, չես կարող աչք փակել, երբ դատավորը հայտնվում է ընդդիմադիրների հանրահավաքի վայրում..։
Իհարկե, հանրահավաքի մասնակցության փատսը դեռ հաստատված չէ, քավ լիցի, անմեղության կանխավարկածը մենք հարգում ենք եւ որեւէ պնդում չենք անում մասնակցության մասին, այլ վկայակոչում ենք շրջանառվող տեղեկությունները, կից լուսանկարը եւ «հերոսներից» մեկնաբանությունը...այլ գործիքակազմ՝ պարզելու դատավորի մասնակցությունը, լրատվամիջոցը չունի եւ չի կարող ունենալ, հիմա ակցիայի հարյուրավոր մասնակիցներ, համակիրներ կարող են պնդել, որ վերջինս չի եղել հանրահավաքին, բայց, հավատացեք, կան նաեւ հակառակը պնդողներ։ Ամեն դեպքում՝ եթե իսկապես դատավորն եւ պատգամավորը պատահական են հանդիպել, մտահոգվելու առիթ չկա, դա հեշտ ապացուցվող ճշմարտություն է։
Ի դեպ, նոր Հայաստան կառուցելու ճանապարհին ընդդիմադիրները չպետք է թույլ տան դատավորների մասնակցությունը հավաքներին հանուն արդարադատության շահերի, նույնիսկ եթե մարդը պայթում է ցանկությունից հարթակին կանգնելու եւ ելույթ ունենալու, չպետք է մոռանա իր կոչման եւ առաքելության մասին։ Ու ցավալի է, որ ժողովրդավարության, հանդուրժողականության, սկզբունքայնության, օբյեկտիվության ընկալումներն այսքան խեղված են, ժողովրդավար, հանդուրժող կարելի է լինել այնքան ժամանակ, քանի դեռ հարցը քեզ չի վերաբերում, սկզբունքայնությունն ու օբյեկտիվությունն էլ պետք են քո հակառակորդներին վերաբերող հարցերում, ոչ քեզ...։ Պետք է մեր գիտակցությունից եւ բառաֆոնդից հանել նախկին, ներկա, իշխանամետ, ընդդիմադիր էպիտետները եւ երեւույթները գնահատել օբյեկտիվության եւ սկզբունքայնության տեսանկյունից՝ առանց ավելորդ էմոցիաների։