ԱԺ նախագահի մայրիկը կարող է թքել եւ միջնամատ ցույց տալ, իսկ ի՞նչ անի շարքային քաղաքացին, ում նյարդերը եւս չեն դիմանում
Խմբագրական
Նախորդ շաբաթվա վերջին քաղաքական, հանրային քննարկումների կիզակետում ԱԺ նախագահի մայրն էր։
Տարածված տեսանյութում երեւում էր, թե ինչպես է Ալեն Սիմոնյանի մայրը թքում ցուցարարների ուղղությամբ եւ միջնամատ ցույց տալիս։ Սիմոնյանը հայտարարել է, թե մայրիկի նյարդերը չեն դիմացել, մինչդեռ լավատեղյակները պնդում են, որ ցուցարարները չեն էլ իմացել՝ նա ով է, այդտեղ ում բնակարանն է եւ որեւէ անվայելուչ արտահայտություն թույլ չեն տվել։
Հիմա Սիմոնյանի մայրը, տեսնելով իր որդու քաղաքական ուժի դեմ պայքարող ընդդիմադիրներին, չի կարողացել ինքն իրեն զսպել, անտարբեր լինել եւ չցուցադրել իր բացասական վերաբերմունքը ընդդիմադիրների նկատմամբ...։ Մինչդեռ Սիմոնյանի մայրը պարտավոր էր զսպել ինքն իրեն, որովհետեւ ինքը ոչ թե շարքային քաղաքացի է, կին, այլ ԱԺ նախագահի մայր։ Այն ԱԺ նախագահի, ով 4 տարի առաջ եւս նման ցույցերով եկավ իշխանության, ընդ որում՝ այն ժամանակ էլ ուրիշների մայրիկների, կանանց եւ երեխաների նյարդերը չէին դիմանում, հատկապես, երբ դագաղներով եւ սեւ ժապավեններով «սիրո եւ համերաշխության արշավանքներ» էին կազմակերպում...։ Ի դեպ, հիմա էլ ՀՀ շարքային քաղաքացու նյարդերը չեն դիմանում, երբ տեսնում է իշխանության եկած քաղաքական ուժը ինչպես է կործանում երկիրը եւ բացի սեփական կյանքի որակը լավացնելուց՝ ոչինչ չի անում շարքային քաղաքացու սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար....։ Մեր նյարդերը իսկապես չեն դիմանում, բայց շատերի դաստիարակությունը թույլ չի տալիս հակաբարոյական եւ հակաիրավական արարքներ անել, որովհետեւ ի տարբերություն Սիմոնյանի եւ նրա մայրիկի, ովքեր ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվելու, շարքային քաղաքացին առնվազն անազատության մեջ կհայտնվի։
Իսկ Սիմոնյանը նույնիսկ ներողություն չէր խնդրել, փորձել էր արդարացնել մայրիկին, մինչդեռ քաղաքակիրթ երկրներում ոչ միայն ներողություն կխնդրեին, այլեւ հրաժարական կներկայացնեին...պաշտոնյաների դեպքում՝ զավակները պատասխանատու չեն ծնողների համար նորմը բացառություններ ունի, եւ եթե նույնիսկ Սիմոնյանի մոր արարքում հակաիրավական ոչինչ չկա, ապա առնվազն քաղաքական պատասխանատվության համար հիմքեր կլինեն...։
Եւ եթե այսօր ԱԺ նախագահը, իր քաղաքական թիմը չի դատապարտում Սիմոնյանի մոր արարքը, վաղը մեկ ուրիշ գործչի հարազատ կարող է ծեծել ընդդիմադիր գործչի եւ անպատիժ մնալ, որովհետեւ այս թիմի համար այն, ինչ արվում է հանուն իշխանությունը պահելու, ամեն ինչ ընդունելի է, ասել է թե նպատակն արդարացնում է միջոցները։
Ահա «ժողովրդավարության բաստիոն» դարձած երկրում իշխանությունների հանդուրժողականության եւ պատասխանատվության մակարդակը։